Հռոմի Քվիրինալյան պալատում նախագահ Սերջիո Մատարելլայի ներկայությամբ տեղի է ունեցել Իտալիայի նոր կառավարության երդմնակալությունը: Այն գլխավորել է «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ղեկավար Ջորջա Մելոնին: Նա Իտալիայի առաջին կին վարչապետն է:
Կառավարությունը կազմված կլինի «Իտալիայի եղբայրներ», «Լիգա» և «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունների ներկայացուցիչներից՝ աջ կենտրոնամետ դաշինքից, որը հաղթանակ է տարել սեպտեմբերի 25-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Նախարարների կաբինետում 24 նախարար կլինի, 6-ը՝ կին:
Եվրախորհրդարանի նախկին ղեկավար, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության փոխնախագահ Անտոնիո Տայանին կգլխավորի արտգործնախարարությունը, իսկ «Լիգա» կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին դարձել է ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարար: Երկուսն էլ զբաղեցրել են նաև փոխվարչապետների պաշտոնը։
Հոկտեմբերի 23-ին տեղի կունենա Մարիո Դրագիի վարչապետական լիազորությունների փոխանցման արարողությունը, ապա նախարարների խորհրդի առաջին նիստը։
Նոր կառավարությունը դեռ պետք է ստանա մեծամասնության հավանությունը խորհրդարանում։ Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։