2021-22 թթ. ընթացքում ոստիկանության պարեկային ծառայողին կաշառք տալու համար 7 անձ է դատապարտվել: Մեղադրյալները վարորդներն են, որոնք կամ դատապարտվում են տուգանքի, կամ ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվում` սահմանելով փորձաշրջան:
Գարեգին Բեգոյան (Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ) - Հիմնավորվել է, որ վարորդները հիմնականում պարեկային ծառայողներին տալիս են կաշառք, որպեսզի վերջիններս իրենց կողմից թույլ տրված վարչական իրավախախտումների վերաբերյալ զերծ մնան համապատասխան արձանագրություններ կազմելուց:
Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից ի վեր՝ 2021 թվականի հոկտեմբերից մինչև օրս, պարեկային ծառայողներին կաշառք տալու կամ կաշառքի առաջարկ անելու վերաբերյալ քննվել է 24 քրեական վարույթ, որոնցից 11-ը՝ 12 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Գարեգին Բեգոյան - Վերջերս մենք մեղադրական եզրակացությամբ ուղարկեցինք դատարան քրեական վարույթ, որի շրջանակներում վարորդը երթևեկել էր առանց տեխնիկական զննություն անցնելու, պարեկային ծառայողները կանգնեցրել էին՝ էդ հանգամանքը արձանագրելու նպատակով, սակայն վարորդը պարեկային ծառայողներին առաջարկել էր 20 հազար դրամ կաշառք, որպեսզի վերջիններս զերծ մնան նման արձանագրություն կազմելուց, և պարեկային ծառայողները տեղում ձերբակալել էին տվյալ անձին:
Եթե նախկին Քրեական օրենսգրքով կաշառք տված քաղաքացին կարող էր եռօրյա ժամկետում խոստովանել հանցանքը և ազատվել քրեական պատասխանատվությունից, նոր Քրեական օրենսգիրքը խրախուսական այդ նորմը բացառում է:
Գարեգին Բեգոյան - Հետևաբար, ամեն դեպքում Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության այն անձը, ով կաշառք տվել է կամ առաջարկել է պարեկային ծառայողին:
Քրեական օրենսգրքով հավասարեցված են նաև կաշառք տալը և այն առաջարկելը: Երկու դեպքում էլ նախատեսված է ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան