Հայաստանի արդյունաբերությունը 2019-ից հետո առաջին անգամ 8 ամսվա կտրվածքով 9 տոկոսից ավելի աճ է արձանագրել: Սակայն, ի տարբերություն 2019-ի, երբ աճի համար կարևոր գործոն էր հանքարդյունաբերությունը, այս դեպքում այդ ոլորտն անկում է արձանագրել, փոխարենը բարձր աճ կա մշակող արդյունաբերության ճյուղում: Ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունն աճել է գրեթե 2 անգամ: Հաջորդը հիմնային մետաղների արտադրություն է՝ մոտ 29.5 տոկոսվ աճով, ապա՝ սննդամթերքը և խմիչքը: Ավելացել է թե՛ արտահանման և թե՛ ներքին շուկայում սպառման պահանջարկը՝ նշում է էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետը:
Արմեն Եգանյան (ՀՀ ԷՆ արդյունաբերության քաղաքականության վարչության պետ) - Բավականին մեծ աճ գրանցել է այն ենթաճյուղը, որը զբաղվում է ոչ մետաղական հանքանյութերի մշակմամբ և շինանյութերի արտադրությամբ, և բոլորս էլ տեսնում ենք, որ բավականին լուրջ շինարարության տեմպեր կան հանրապետությունում, և շինանյութերի պահանջարկի ավելացման հաշվին, բնականաբար, այդ ենթաճյուղում ունեցել ենք աճ:
Ըստ Եգանյանի` վերամշակող արդյունաբերության աճին նպաստել են նաև Կառավարության իրականացրած տարբեր ծրագրերը:
Արմեն Եգանյան - Դրա վառ օրինակներից է, որ որոշ ապրանքների արտահանման դեպքում, որոնք հումքային ապրանքներ են, որոշակի սահմանափակումներ են կիրառվում, և, հետևաբար, այդ ապրանքատեսակները սկսում են վերամշակվել ՀՀ-ում, և ստանում ենք ավելի բարձր ավելացված արժեք ՀՀ-ում:
Կաթնամթերքի և մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրենի խոսքով` արտադրության ծավալների էական փոփոխություն չեն արձանագրել, քանի որ արտահանման ոլորտում որոշ խնդիրներ կան:
Արմեն Ջանվելյան (կաթնամթերք և մսամթերք արտադրող ընկերության տնօրեն) - Արտահանման ոլորտում փոխարժեքի կուրսի նվազումը բացասական ազդեց մեր վրա, որովհետև ձեռքբերումները ֆերմերներից իրականանում են դրամով, բայց վաճառքը փաստացի տեղի է ունենում դոլարով:
Խնդրին տեղյակ են նաև նախարարությունում, ներմուծման տեսանկյունից էլ դոլարի նկատմամբ արժևորված դրամը շահավետ է բիզնեսի համար: Ինչ վերաբերում է արդյունաբերության հետագա տեմպերին՝ Արմեն Եգանյանը մինչև տարեվերջ ավելի լավ ցուցանիշներ է ակնկալում:
Արմեն Եգանյան - Հիմնականում 3-րդ և 4-րդ եռամսյակներում տարվա կտրվածքով ավելի ակտիվ է լինում այդ ընկերություններում գործունեությունը, և դա նույնպես իր բացատրությունն ունի, մենք նշեցինք սննդի, խմիչքների մյուս արտադրությունները, որոնք որ հիմնականում նաև գյուղատնտեսության արտադրանքի վերամշակման վրա են նաև իրականացնում իրենց գործունեությունը:
Գումարային առումով Հայաստանի 8 ամսվա արտադրանքը կազմել է 1 տրլն 645 մլրդ դրամ:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան