ԱՄՆ ՎԵՐՋՆԱՆՊԱՏԱԿԸ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ Է. ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է` ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կնպաստի՞ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Պատելը նշել է, որ նման դիրքորոշումն ունեն նաև ԱՄՆ պետքարտուղարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը և մյուսները:
«Ես չեմ ցանկանում գործընթացից առաջ անցնել, սակայն, իհարկե, մեր վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալը:
ՀԱՊԿ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱԽ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Քննարկվում է մոտ ժամանակներս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի անցկացման հարցը` ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ենթադրվում է, որ նախատեսվող նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները տեսակապի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության արդյունքները, կդիտարկեն Երևանին աջակցության ցուցաբերելու համատեղ միջոցների վերաբերյալ առաջարկները, այդ թվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը` Հայաստանին համատեղ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ»,- նշել է դիվանագետը, հավելել՝ օգնության վերաբերյալ հարցերը պետք է որոշեն և համաձայնեցնեն կողմերը. որոշումները կայացվում են կոլեկտիվ հիմքով:
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԲԱՔՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Ի պատասխան Հայաստանի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սեպտեմբերի 14-ի և հոկտեմբերի 3-ի գրությունների՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Եվրոպայի, միջազգային և պաշտպանության հարցերի մշտական ժողովի նախագահ Անն Ժենետեն հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի անվտանգության:
«Վստահ եղեք, որ մենք շարունակելու ենք աջակցել բոլոր ջանքերին՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը, հրադադարի ռեժիմի կայուն պահպանման ապահովմանը և բոլոր չլուծված հարցերի խաղաղ կարգավորմանը»,- նշված է հայտարարության մեջ:
Սենատը հաջորդ ամիս կքննարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին նոր բանաձևը և կպահանջի նրան անհապաղ հեռանալ Հայաստանի տարածքից, ապահովել հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահպանումը և երկու երկրների միջև կայուն խաղաղություն հաստատելու ցանկացած նախաձեռնության առաջմղումը»,- ասվում է հայտարարության տեքստում:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությունը ոչ մի կերպ չի փոխում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին առաջընթացի հասնելու՝ Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը՝ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտգործնախարարությունը:
«Հենց Ֆրանսիայի նախագահի շնորհիվ էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 6-ին Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև հնարավոր եղավ անցկացնել չորրորդ հանդիպումը։ Ֆրանսիան լիովին աջակցում է ԵՄ միջնորդությամբ երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացին»,- նշել են Փարիզում։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվել: Լիզ Թրասը հայտարարել է, որ հրաժարվում է Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից։ Թրասը վարչապետի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 6-ին։ Նա Բրիտանիայի պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարած վարչապետն է: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի և Պահպանողականների առաջնորդի ընտրությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ: Թրասը նշել է, որ կմնա պաշտոնին այնքան ժամանակ, քանի դեռ չի ընտրվել նոր վարչապետ:
3 օր առաջ տված հարցազրույցում Լիզ Թրասը ընդունել էր վարչապետի պաշտոնում իր թույլ տված սխալները, ներողություն խնդրել բրիտանացիներից, բայց վստահեցրել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Այսօր արդեն հրաժեշտի իր ելույթում Թրասը խոստովանել է, որ չի կարող կատարել այն խոստումները, որոնք տվել էր Պահպանողականների առաջնորդի պաշտոնում առաջադրվելու ժամանակ: