Հոկտեմբերի 20-ին Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդես եկան համատեղ մամուլի հայտարարությամբ՝ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների, Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև գործընկերության հաստատման մտադրության վերաբերյալ։
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեին և ռեգիոնի ողջ խորհրդին մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար և այս համատեքստում բարձր գնահատեց նախագահ Վոքիեի՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պայմաններում Սյունիքի մարզի հետ գործընկերության հաստատման հանձնառությունը։
Միջոցառման արդյունքներով ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Ֆրանսիական Հանրապետության Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի միջև գործընկերության մտադրության մասին» հայտարարություն։
Նույն օրը Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի շրջանային խորհուրդը լիագումար նիստի ընթացքում ընդունեց «Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնը Հայաստանի կողքին է» խորագրով գործողությունների ծրագիր, որով խորհուրդը խստորեն դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և իր անվերապահ աջակցությունն ու ողջ համերաշխությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին։
Նշված ծրագրով նախատեսվում է նաև Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի կողմից տարբեր միջոցառումների շրջանակներում ընդհանուր 300 հազար եվրո գումարի հատկացում՝ հակամարտության հետևանքների հաղթահարման հարցում Հայաստանի բնակչությանն աջակցելու նպատակով։
Ծրագրի իրագործման կարևոր բաղադրիչ է նաև ՀՀ Սյունիքի մարզի և Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի միջև գործընկերության հաստատումը։