Երևանում սկսվել է աշնանային էտը․ կանաչապատման աշխատակիցները մի քանի օր է՝ ինչ մայթերի ծառերը մաքրում են չորացած ճյուղերից։ Շենքերին մոտ հատվածներում՝ նաև բնակչի լուսամուտը փակող, պատշգամբ մտնող կանաչն են կտրում։ Սաղարթը սիրուն լինելու հետ միասին պետք է բաց լինի, որ տերևների մեջ օդ խաղա, հիվանդություն չզարգանա: «Ծառերն էտո՞ւմ են, թե՞ տկլորացնում» քննադատությանն արձագանքում է վարպետ Հովհաննեսը։
Հովհաննես Աթոյան (Երևանի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակից) - Ճյուղերը շատ չե՞ն պակասում՝ ո՛չ, ո՛չ, գարունն ավելի խիտ ա աճելու, նույնիսկ կարելի ա ավելի ներքև կտրել:
Ո՞ր ծառը որտեղի՞ց կտրել՝ սղոցավարներին հուշում են դենդրոլոգները։ Սոսին գրանցված է Կարմիր գրքում, միայն չորուկներն են հանում։ Այլ հարց է թեթև քամիներից տապալվող թեղին, որի բներին այսպես ասած քաղցկեղ է աճում ու սնամեջ դարձնում ծառը։ Ծերանալու պատճառով շատ չորանում են նաև երևանյան բարդիները՝ մայրաքաղաքի կանաչ տարածքների վերջին մոնիթորինգի տվյալներն է փոխանցում գլխավոր դենդրոլոգը։ Խոր կտրում են նաև բարձրաբուն այլանթը։
Արծվի Գրիգորյան (Երևանի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ) - Ճիշտ ա, իրանց տեսքը վատը չի, բայց ծաղկման շրջանում գարշահոտություն ու ալերգիա են առաջացնում, դրանց ենք խորն էտում, այո՛, և հացենիատերև թխկիները՝ դրանք էլ շատ փխրուն փայտ ունեն, թեթև քամիներից ընկնում են:
Վերջին մի քանի տարում տապալման ենթակա վթարային մոտ 3000 ծառ է քաղաքից հանվել, որոշ ծառեր սպասում են հատման թույլտվության։ Դրանց տեղերում, ի դեպ, առաջիկա գարնանը ոչ թե սովորականի պես փոքր ու բարակ շիվեր են տնկելու, այլ՝ խոշորացած, ավելի թանկ, քիչ քանակով, բայց ավելի կենսունակ ծառեր՝ կանաչապատման նոր որոշումն է ներկայացնում Արծվի Գրիգորյանը։
Արծվի Գրիգորյան - Եկող տարվանից սկսած խոշորածավալ՝ 3 մետր ծառեր ենք տնկելու, սոսի, թխկի, հուդայածառ:
Դա գարնանը․ կանաչապատողների այժմյան գործը խորն էտն արագ ավարտելն է։ Որպեսզի տրանսպորտի խցանումներ քիչ լինեն, փողոցներն այս անգամ փոքր հատվածներով են փակում, բանվորական ուժն ու տեխնիկան կենտրոնացնում, աջ ու ձախ մայթերի ծառերը մի քանի թիմով մաքրում-դուրս գալիս։
Վաչագան Սարգսյան (Երևանի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի «Կենտրոն» ստորաբաժանման ղեկավար) - Բոլոր մեր կտրած ճյուղերը, տերևները հենց կտրեցին՝ հավաքվում ա, լցվում ա մեր մեքենաների մեջ:
6 սղոցավար, 3 վերամբարձ, 4 բեռնատար՝ այս խմբի օրվա պլանը՝ Հանրապետության փողոցի Թումանյանից Տպագրիչների խաչմերուկն է։ Երևանում ամբողջությամբ աշնանային էտը, եղանակից կախված, կարող է տևել մեկ-երկու ամիս: