Ֆիզիկական ու հոգեբանական հավասարակշռություն, ինքնատիրապետում ու դիպուկ կրակ: Մարիամը 12 տարուց ավելի հրաձգային սպորտով է զբաղվում: Գրանցել է մի շարք հաջողություններ: Ասում է՝ աղջիկները հետաքրքրված են մարզաձևով:
Մարիամ Միքայելյան (հրաձիգ) - Բավականին ծաղկում է հրաձգություն սպորտաձևը, մի քանի օր առաջ Էլմիրա Կարապետյանը ատրճանակ ձևից նվաճեց օլիմպիական ուղեգիր, որը մեծ հաջողություն էր մեզ համար, ամբողջ ֆեդերացիայի աշխատանքի արդյունքն էր:
Այս տարի եղել են նաև աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից մեդալներ: Շատերին գրավում է հատկապես մարտական հրաձգությունը: Հաշվի առնելով քաղաքացիների հետաքրքրությունն ու առաջարկները՝ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության անվճար դասընթացներ, որոնց կարող են մասնակցել զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Կլինեն հրաձգության տեսական, գործնական պարապմունքներ մարտական զենքով։ Առաջին փուլի հերթագրումը իրականացվելու է Երևանի բնակիչների համար մինչև հոկտեմբերի 30-ը։ Այս փուլում առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին: Հաջորդ փուլերում դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։ Դասընթացներին մասնակցելու համար հնարավոր է գրանցվել նաև առցանց:
Մարիամ Միքայելյան - Իմ կարծիքով՝ բոլորն էլ պետք է կրակել իմանան, բացի դրանից էլ, հրաձգությունը որակն է զարգացնում, բնավորության գծերն է լավացնում, հավասարակշռությունը, կամքի ուժը, ցանկացածին էլ անհրաժեշտ է՝ լինի տղա-աղջիկ, սկսում ես ճանաչել քո մարմինը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն:
Մարիամի խոսքով՝ հրաձգությունը կանանց համար գրավիչ է նաև նրանով, որ ֆիզիկական կազմվածքը չի փոխվում:
Մարիամ Միքայելյան - Այսինքն՝ եթե դուք տեսնեք մի հրաձիգ մարզիկի, երբեք չեք կարող կռահել, որ ինքը հրաձգությամբ է զբաղվում, և կա կարծրատիպ, որ կրակելը մի քիչ տղայի հետաքրքրություն է, մի քիչ աղջիկների մոտ արթնանում է ցանկությունը, որ գան ապացուցեն, որ, ո՛չ, աղջիկներն էլ կարող են:
Թիրախը դիպուկ խոցելու համար միայն մեկ-երկու փորձը, հրաձիգի խոսքով, բավարար չէ. տեխնիկային տիրապետելու ու հաջողություն գրանցելու համար մեծ ջանք է պահանջվում: