Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է: Այն կշրջանցի ու զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Աշխատանքները սկսվել են ապրիլ-մայիսից: Ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 265 գծամետր, երթևեկելի մասի լայնությունը 9 մ է: Նախատեսված է նաև կես մետր լայնությամբ տեխնիկական մայթ և 1 մ լայնությամբ հետիոտնային մայթ»,-ասում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ղեկավար Շողիկ Երանյանը:
Ամիսներ առաջ նոր ճանապարհի տեղում հիմնականում ավտոտնակներ էին, նաև բնակելի տներ: Կառավարության որոշմամբ տարածքը ճանաչվեց հանրային գերակա շահ, տեղում իրացման աշխատանքներ արվեցին:
Երկու փողոցներն իրար կմիանան նոր կամրջով: Շինարարության ամենակարևոր ու պատասխանատու հատվածը կամրջի կառուցումն է:
«Միաձույլ երկաթբետոնե կառուցվածք է ունենալու կամուրջը: Այն կլինի 11 մ լայնությամբ, որի 9 մ երթևեկելին է: Կառուցվող կամուրջը կարող է ծառայել 100 տարի»,- նշում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի շինարարության կազմակերպման և վերահսկման բաժնի պետ Գագիկ Մարտիրոսյանը:
Ճանապարհի արտաքին լուսավորության ցանցն անցկացվել է ստորգետնյա, լուսատուներն էլ կլինեն էներգախնայող լեդ տեսակի:
Հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները՝ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով հենապատեր են կառուցվում, կամրջի հատվածից մինչև խաչմերուկ էլ կանցկացվի հեղեղատար համակարգ:
«Ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվել են ամբողջությամբ Երևան համայնքի բյուջեի միջոցներով: Շինարարությունը նախատեսվում է ավարտել նոյեմբերի կեսերին»,- նշում է Շողիկ Երանյանը:
Նոր ճանապարհների կառուցումն ու տրանսպորտային հոսքերից քաղաքի կենտրոնական հատվածների բեռնաթափումը, խցանումների նվազեցումն ու բնակիչների հարմարավետ տեղաշարժը քաղաքային իշխանության առաջնահերթություններից են: Համայնքն այսօր քննարկում է ճանապարհային մի շարք նոր նախագծեր: