«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ «անվտանգ սննդամթերքը» պետք է պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, իսկ ժամկետի լրանալուն պես սննդամթերքը համարվում է վտանգավոր և պիտանի չէ՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման համար: Վտանգավոր սննդամթերքն իր հերթին ենթակա է հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար, սակայն որոշ տնտեսվարողներ, անտեսելով օրենքը, շարունակում են վաճառել առանց պիտանիության ժամկետի մակնշման կամ պիտանիության ժամկետը լրացած ապրանքներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքների շնորհիվ երեք տնտեսվարողների մոտ խախտումներ են արձանագրվել սննդի անվտանգության ոլորտում։
Հայտնաբերվել են բազմաթիվ ժամկետանց, պիտանիությունը կորցրած և բորբոսապատ մթերքներ։ Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որի շրջանակներում իրավախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։