Հոկտեմբերի 20-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, Համաշխարհային Փոստային Միության կենտրոնակայանում ՀՓՄ-ն «ՀայՓոստին» շնորհեց «Ծագող աստղ փոստի զարգացման գործում» (Rising Star in Postal Development) մրցանակը: Փոստային գործառնությունների խորհրդի նիստի ժամանակ Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասաիկո Մետոկիի և փոխտնօրեն Մարիան Օսվալդի կողմից մրցանակը հանձնվեց «ՀայՓոստի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանին:
Արայիկ Աբրահամյանը նշել է.
«Այս մրցանակը «ՀայՓոստի» ողջ թիմի՝ փոստատարից մինչև ավագ օպերատոր, փոստի տեսակավորողից մինչև օղակների ղեկավարներ, բոլորի երկար տարիների շարունակական աշխատանքի գնահատականն է: Շնորհավորում եմ բոլորիս՝ մեր ողջ թիմին»:
Մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել 2022 թ. Փոստի համաշխարհային օրվա արարողության ժամանակ, երբ Համաշխարհային փոստային միությունը հայտարարեց Համաշխարհային փոստային միության անդամ 172 երկրների նոր վարկանիշները:
Ըստ Համաշխարհային փոստային միության 2022 թ. փոստային զարգացման զեկույցի` 2021 թ. փոստային զարգացման ցուցանիշով «ՀայՓոստը» թռիչքային աճ է գրանցել՝ 80-րդ տեղից բարձրանալով 48-րդ հորիզոնական: Փոստային զարգացման վարկանիշը հաշվարկվում է ըստ 4 ցուցանիշի՝ հասանելիություն, հուսալիություն, համապատասխանություն և ճկունություն: Ըստ Համաշխարհային փոստային միության տվյալների՝ բոլոր չորս ցուցանիշներով «ՀայՓոստը» զգալի առաջընթաց է գրանցել:
Համաշխարհային փոստային միության վարկանիշով տարածաշրջանում Հայաստանն ավելի բարձր հորիզոնական է զբաղեցնում, քան Ադրբեջանը (62-րդ տեղ) և Վրաստանը (58-րդ տեղ):