Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորություններով փոփոխման է ենթակա նաև մեր երկրի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքը: Փոփոխությունների նպատակն է կանխել մթնոլորտային օդի աղտոտումը: 1994-ից գործող օրենքի որոշ դրույթներ ըստ էության վաղուց հնացած են, և այս հարցում խիստ մոտեցումներ են պետք՝ ասում է ոլորտը համակարգող փոխնախարարը:
Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար) - Փոխում ենք այն նորմատիվները և այն տեխնոլոգիաները, որոնցով այսուհետ հաշվարկվելու է, օրինակ՝ ձեզ՝ որպես մարդ, որն է այն շեմը, որից հետո արդեն վտանգ են ձեր համար թե՛ փոշին, թե՛ արտանետումները, որովհետև մենք ունենք հին ստանդարտներ, որոնց հաշվարկման մեթոդիկայով լրիվ այլ բան է ստացվում:
Փոշու և վտանգավոր արտանետումների հաշվարկման մեթոդները աշխարհի շատ երկրներ վաղուց են խստացրել: Նոր պահանջներով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքն արդեն Ազգային ժողովում է:
Նոր օրենքի դրույթներով որոշ արտադրությունների, մասնավորապես, երկաթբետոնե, կենսաքիմիական, շինարարական ընկերությունների նկատմամբ կոշտ սանկցիաներ կկիրառվեն, մինչև անգամ հնարավոր է գործունեության կասեցում: Հին օրենքով ստացվել է այնպես, որ տնտեսվարողները գրեթե միշտ խախտել են օրենքը, տուգանվել ու նորից բիզնես շահից շահագրգռված շարունակել աղտոտել օդը:
Գայանե Գաբրիելյան - Դրանք կփակվեն, եթե սահմանված օրենքի կարգով չունեն թույլտվություններ, իրենց սահմանված արտանետումներից շատ են անում և մեկ անգամից ավելի կպատժվեն: Օրինակ՝ նախկինում մենք չենք ունեցել օրենքի այդ կետը, որ եթե մեկ տարվա ընթացքում պատժվել են կամ տույժեր ու տուգանքներ են հատուցել, երկրորդ անգամ չեն շտկել, ապա գործունեությունը կկասեցվի, այո՛:
Օրենքը կարող է ուժի մեջ մտնել մինչև տարեվերջ՝ ասում է փոխնախարարը: Նոր օրենքը չի շրջանցի նաև հին ավտոմեքենաներին:
Հակոբ Սիմիդյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Մեքենաների մթնոլորտ արտանետած վտանգավոր գազերը ամենա, ամենամեծ ծավալներն ունեն Հայաստանում, և այդտեղ մենք շատ անելիքներ ունենք:
Նոր օրենքով խստացումներն ինքնանպատակ չեն, խնդիր է դրված կանխել օզոնային շերտի քայքայումը, ինչպես նաև եղանակի և կլիմայի, մարդու առողջության, բուսական ու կենդանական աշխարհի վրա բացասական ազդեցությունը: