ՀՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՑԵԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ՝ ՀՍՏԱԿ ՊԱՅՄԱՆՈՎ. ՄԻՐԶՈՅԱՆ
Բանակցություններում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը՝ հայտարարել է Արարատ Միրզոյանը: Իրանի գործընկերոջ հետ ճեպազրույցի ընթացքում Միրզոյանը խոսել է նաև Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին, շեշտել, որ պատրաստ ենք բացել ճանապարհները ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց հստակ պայմանով:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար)- Հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի այս մասին, հետևյալն է, որ ճանապարհները պետք է մնան մեր սուվերենության ներքո և գործեն մեր օրենսդրության ներքո: Ցավոք սրտի, ինչպես քիչ առաջ նշեցի, մենք հանդիպում ենք այս հարցում Ադրբեջանի անզիջում վարքագծին: Կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք, որ այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը: Կրկնում եմ, և բազմիցս ասել ենք, որ Հայաստանի տարածքով էքստրատերիտորիալ կամ դրան հատուկ առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող:
ՊԱՏՄԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՆԸ ԴԵՄ Է. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ
Տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությանը դեմ է նաև Իրանը՝ շեշտել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նշել, որ իրանական կողմի համար դա կարմիր գիծ է:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան (ԻԻՀ ԱԳ նախարար) - Ադրբեջանի նախագահն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում նշել է, որ աշխարհագրական և սահմանային փոփոխություններ տարածաշրջանում չեն հետապնդում և չեն ցանկանում իրականացնել։ Իրանը այս առումով համապատասխան զգուշացումներ է տվել։ Մենք հնարավորություն ունենք դիմակայելու և խոչընդոտելու ցանկացած նման գաղափարի իրականացմանը։
ՀՀ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ
Տարածաշրջանային աշխարհաքաղաքական պատկերի համար կարևոր հարց է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Գործընթացը դրական գնահատելով՝ Միրզոյանը շեշտել է, որ ուղենիշը հարաբերությունների հաստատումն է և սահմանի բացումը:
Արարատ Միրզոյան - Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Թուրքիայի մեր զրուցակիցները պետք է ավելի ու ավելի քիչ այս գործընթացը կապեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ և, հակառակը, պետք է գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը գործել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա: Կրկին ուզում եմ ասել, որ երբեմն հարցերի վերաբերյալ հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ՝ նույն Թուրքիան, գուցե, էքստրատերիտորիալ կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան, օրինակ՝ Ադրբեջանը: Կրկնում եմ՝ Թուրքիայի ավելի կառուցողական դիրքորոշումը Հայաստան-Թուրքիա գործընթացում, հակառակը՝ իր դրական ազդեցությունը կթողներ Հայաստան-Ադրբեջան գործընթացի վրա:
Տարածաշրջանում խնդիրների լուծման հարթակը, ըստ իրանական կողմի, «3+3» ձևաչափն է: Աբդոլլահիանը հայտարարեց, որ դեմ է տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը: «3+3» ֆորմատում պետք է ներառված լինեին Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան: 2021-ի դեկտեմբերին կայացած ԱԳ փոխնախարարների մակարդակով հանդիպմանը, սակայն, Վրաստանը հրաժարվեց մասնակցել: Նոր նիստ դեռ չի կայացել: