Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Հայաստանում` Ադրբեջանի հետ սահմանին, 2 ամսով Եվրամիության 40 հոգուց բաղկացած դիտորդական առաքելության տեղակայմանը, նշել՝ կառույցի մասնագետները, որոնք այժմ վերապատրաստում են անցնում, ենթադրաբար, Հայաստանում կլինեն հոկտեմբերի 24-ին։
«Մշտադիտարկումը հիմնականում իրականացվելու է տեղում պարեկության և դիտարկող սարքավորումների միջոցով։ Առաքելության գործունեությունը վերահսկելու է անմիջապես Բրյուսելը, այլ ոչ կողմերը»:
Ի սկզբանե դիտարկվել է նաև ադրբեջանական կողմում առաքելության տեղակայման հնարավորությունը. Կլաարի խոսքով՝ Իլհամ Ալիևը հասկացրել է, որ Բաքուն պատրաստ է գործակցել Հայաստանում տեղակայվելիք ԵՄ առաքելության հետ այնքանով, որքանով դա կվերաբերի իրեն.
«Ակնկալում ենք, որ Բաքուն կգործակցի առաքելության հետ՝ առանց ադրբեջանական կողմում առաքելության անդամների ֆիզիկական ներկայության: Հուսով ենք՝ առաքելությունը նաև կնպաստի կողմերի միջև վստահության ձևավորմանը»։
Կլաարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին.
«Կա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրում նշված սահմանը. փաստաթուղթը ստորագրած կողմերը, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչել են մեկը մյուսի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։ Խոսքը Հայկական ԽՍՀ - Ադրբեջանական ԽՍՀ սահմանի մասին է։ Առկա է նաև սահմանազատման և սահմանագծման գործընթաց, որը սկսել են Հայաստանն ու Ադրբեջանը, և որը կարող է հանգեցնել սահմանագծի որոշակի փոփոխության։ Սակայն քանի դեռ այս գործընթացը չի ավարտվել, կարևոր է հարգել դե ֆակտո գոյություն ունեցող սահմանը:
ԵՄ առաքելության այս գործառույթի մասին որոշումը կայացվել է Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն։ Հուսով ենք՝ առաքելությունը կնպաստի կողմերի միջև սահմանի վերջնական սահմանազատման շուրջ բանակցությունների համար համապատասխան պայմանների ստեղծմանը»։
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է՝ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած Մակրոն-Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը կողմերին մոտեցրեց խաղաղության համաձայնագրին: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի խուսափել անցյալի սխալներից, բռնության նոր ալիքից: Կլաարը վստահեցրել է՝ ԵՄ-ն կշարունակի լրջորեն գործակցել կողմերի հետ։