Համատեղ լուսանկար, ու ԵԱՏՄ անդամ հինգ երկրի վարչապետների գլխավորությամբ մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
Չնայած աշխարհում տիրող քաղաքական լարվածությանը և բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ Միությունը հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը՝ բացման խոսքում ընդգծեց վարչապետ Փաշինյանը, նկատեց՝ այս տարի փոխադարձ առևտրի ոլորտում դրական արդյունքներ կան:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-օգոստոսին հասել է շուրջ 2,8 մլրդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով։ Ընդ որում՝ Հայաստանից արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը` 58 տոկոսով։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ
Արդյունքները շոշափելի են, բայց հրատապ լուծում պահանջող հարցերն էլ քիչ չեն: Վարչապետը գործընկեր պետությունների ուշադրությունը հրավիրեց Էներգետիկ խնդիրներին: Ընդհանուր շուկայի ձևավորումը, Հայաստանի ղեկավարի համոզմամբ, ինչպես Միության պայմանագրի կարևոր դրույթների կատարման, այնպես էլ տնտեսական ինտեգրման ներուժի իրացման ու արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ պայման է։
Նիկոլ Փաշինյան - Մենք պատրաստ ենք Միության բոլոր անդամ պետությունների շահերի հաշվի առնման և փոխըմբռնման վրա հիմնված կառուցողական երկխոսության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթների կարգավորման ուղղությամբ, որի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջ ծավալով օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։ Հակառակ դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրները մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը։ Իհարկե, սա շատ զգայուն թեմա է, և մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը առնվազն միջնաժամկետ հեռանկարում։
Ոչ միայն գազի, էլեկտրաէներգետիկայի, նաև նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերն առաջնային են մնում՝ սա էլ ընդգծեց Ռուսաստանի Դաշնության վարչապետն ու, ըստ էության, ազդակ հնչեցրեց հնգյակի համար: Ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում ռուսական գազի գնի կտրուկ բարձրացման ֆոնին Միշուստինը նկատեց՝ ԵԱՏՄ անդամները պաշտպանված են կապույտ վառելիքի չհիմնավորված թանկացումից:
Միխայիլ Միշուստին (ՌԴ վարչապետ) - Երբ 10 տարի առաջ պայմանավորվում էինք այդ շուկաների ստեղծման մասին, դժվար թե ինչ-որ մեկը ենթադրեր, թե սպառողները գների ինչ աճի կարող են բախվել այսօր ամբողջ աշխարհում: Մեր Միությունը հուսալիորեն պաշտպանում է դրա մասնակիցներին էներգակիրների արժեքի չհիմնավորված ուռճացումից, ինչն ապացուցում է ինտեգրման մեր ընտրած ռազմավարության, նախկինում կնքված միջկառավարական համաձայնագրերի կատարման ճշտությունը:
Հայաստանի՝ որպես Միության 7-ամյա պատմություն ունեցող անդամի համար, կարևոր է նաև էլեկտրոնային առևտրի ոլորտը: Շեշտելով այս ուղղությունը՝ վարչապետը նկատեց՝ այս ճյուղի մասնաբաժինն անընդհատ աճում է, հետևաբար արդյունավետ հարկաբյուջետային կարգավորումները գնալով ավելի արդիական են դառնում։
Նիկոլ Փաշինյան - Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում կանոնակարգերի հնարավորինս շուտ ընդունումը և հաջորդիվ չհամաձայնեցված հարցերի քննարկումը՝ նպատակակետը՝ երկրում հարկման սկզբունքների վրա հիմնված հուսալի կարգավորող համակարգ ձևավորելու նպատակով։ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման շրջանակում մենք հանդես ենք գալիս տեղեկատվական համակարգերի զարգացման ժամանակակից լուծումների օգտին և պատրաստ ենք առավելագույնս ակտիվ ներգրավվել այդ գործընթացներին։
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Վարչապետ Փաշինյանը շեշտեց նաև արդյունաբերական ոլորտը՝ կարևորեց կոոպերացիոն և համատեղ արտադրությունների զարգացումը, որն այլընտրանք է դառնալու ներմուծմանը: Պետք է ունենալ սեփական արտադրությունն այն ապրանքների, որոնք պահանջված են Միությունում՝ ասաց նա: Վարչապետը վստահ է՝ այս ու մյուս ոլորտներում ներկայումս եղած խոչընդոտների վերացումը փաստացի ներքին շուկայի կայունության հարց է:
Նիկոլ Փաշինյան - Սա շարունակական գործընթաց է, որի արդյունավետությունն ու օպերատիվությունը շատ առումներով կախված են Միության անդամ պետությունների և մարմինների կանոնակարգված աշխատանքից, ինչպես նաև փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։ Եզրափակելով՝ ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվորեն համագործակցելու Միության անդամ բոլոր պետությունների հետ՝ ի շահ եվրասիական ինտեգրման առաջմղման:
ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 2023-Ի ՓԵՏՐՎԱՐԻՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ
Երեկ ու այսօր քննարկված կարևոր հարցերից զատ նիստում մի շարք փաստաթղթեր էլ ստորագրվեցին: Վերջում, ասուլիսով ամփոփելով արդյունքները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն առանձնացրեց արդյունաբերական կոոպերացիաների զարգացման խնդիրը, նշեց՝ այստեղ խոսքը ոչ միայն ապրանքների միասնական արտադրության մասին է, այլև համատեղ ինտեգրացոն ծրագրերի:
Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ արդեն նախանշված են այն ֆինանսական աղբյուրները, որոնք կուղղվեն միավորված բիզնեսներին տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորմանը:
Միության հնարավորությունը ներում է տարեկան 300 միլիոն դոլարի հասնող պրոյեկտներ ֆինանսավորելու համար՝ եզրափակեց նա: Այսքանով խորհրդի նիստը ավարտված է, հաջորդ անգամ հնգյակի կառավարության ղեկավարները, նաև դիտորդ պետությունների ներկայացուցիչները, կհանդիպեն Ալմաթիում՝ 2023-ի փետրվարին: