Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը նախագծից գործնական փուլ է մտնում: Տնտեսական վեճերն արտադատական կարգով լուծող այս կառույցի վերաբերյալ առաջին ու մեկնարկային քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ բոլոր կողմերը, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդի ու խորհրդատվական հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովում 26 մասնագետ է՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ վեճերի լուծման այլընտրանքային մի եղանակ է, որը ծայրահեղ անհրաժեշտ է մեր դատական համակարգին: Այստեղ նստածների համար գաղտնիք չէ, որ մեր դատական համակարգը գտնվում է դժվարին տրանսֆորմացիոն փուլում, և հենց նման նախաձեռնություններն են, որ բացի այն ռեֆորմներից, որ իրականացվում են, օգնելու են մեր դատական համակարգին առողջանալ:
Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ պետությունն այստեղ միայն օգնող ձեռք է, այն էլ՝ սկզբնական փուլում, ապա կենտրոնը դառնալու է ինքնակառավարվող մարմին: Կենտրոնի ֆինանսավորումն իրականացնում է Եվրոպական միությունը:
Անդրեա Վիկտորին (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան) - Այլընտրանքային հարթակների առկայությունը քաղաքացիների համար շատ լավ հնարավորություն է հասնելու արդարության: Բայց բավարար չէ միայն կենտրոն ունենալը, առաջնային է նաև վեճերի կարգավորման մշակույթի ձևավորումը Հայաստանում:
Քաղաքացիներին պետք է ցույց տալ, որ մեխանիզմը շատ օգտակար է: Կենտրոնի ստեղծման առավելությունները նախևառաջ կզգան հայկական ընկերությունները, որոնց վեճերը հնարավոր կլինի լուծել ավելի արագ ու ավելի մատչելի, քան կանեն միջազգային արբիտրաժները՝ այսպես է կարծում երկար տարիներ Լոնդոնում աշխատած արբիտրաժի մասնագետը:
Հայկ Կուպելյանց (Արբիտրաժային կենտրոնի խորհրդատվական հանձնաժողովի անդամ) - Արբիտրաժային կենտրոնի դեպքում շատ կարևոր է, որ վստահություն ունենա կենտրոնը ընկերությունների և սուբյեկտների մոտ, և ունենալ խորհուրդ, որը կազմված է միջազգային մասնագետներից, շատ կարևոր է, որովհետև խորհուրդը իրականացնում է բազմաթիվ ֆունկցիաներ՝ բացարկի հարցեր կարող են նշանակել, արբիտրներ և այլն:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, որը նաև խորհրդատվական հանձնաժողովի անդամ է, նոր կենտրոնի վստահությունը ձևավորելու և այն բարձրացնելու մի քանի կետ է առանձնացնում:
Եղիշե Կիրակոսյան (Արբիտրաժային կենտրոնի խորհրդատվական հանձնաժողովի անդամ) - Մենք ունենք մասնագիտական բարձր որակ ունեցող սփյուռք, և սփյուռքի մասնագիտական ներուժը էս դեպքում օգտագործելը, կարծում եմ՝ շատ կարևոր կլինի: Եվ վստահությունը, կարծում եմ՝ ձևավորվում է առաջին հերթին որակ ապահովելով և արժեքային համակարգ, այսինքն՝ էթիկական ստանդարտները պահելով:
Առաջին հանդիպում-քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին կենտրոնի ստեղծման ու գործունեության տեսլականը: Խորհուրդը և հանձնաժողովը հստակ նպատակ են սահմանել՝ Հայաստանի արբիտրաժային կենտրոնը պետք է ոչնչով չզիջի նմանօրինակ միջազգային կառույցներին: Կենտրոնի ստեղծման վերջնաժամկետը 2023-ի երկրորդ կիսամյակն է, բայց տեղում՝ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պայմանավորվեցին՝ 9 ամսից մասնակցել կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: