ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց հայկական կողմի մտադրությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Այս մասին նա ասաց Կապանում Իրանի հյուպատոսության բացման արարողության ժամանակ, որին մասնակցում է նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Միրզոյանն իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստան-Իրան համագործակցության ուղղություններին ու նորաբաց հյուպատոսության կարևորությանը:
«ԻԻՀ-ն ՀՀ-ի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր: Մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում ամուր կապեր, որոնք, լիահույս ենք, էլ ավելի կխորանան և որակական ու գործնական նոր շունչ կստանան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության գործունեության շնորհիվ:
Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի նաև հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը:
Այն կդառնա երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան»,- ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք՝ պաշտոնական այցով երեկ Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: