Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարար Իրեկ Ֆայզուլինի հրավերով հոկտեմբերի 5-7-ը Կազանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 43-րդ նստաշրջանին և Եվրասիական շինարարական կոնգրեսին:
Միջկառավարական խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում քննարկվել են քաղաքաշինության ոլորտում միջպետական համագործակցության հարցեր: Նիստի մասնակիցները տեղեկություններ են փոխանակել ոլորտի զարգացման ծրագրերի և իրականացվող գործընթացների վերաբերյալ: Դիտարկվել են սեյսմակայուն շինարարության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների կատարած աշխատանքը, շինարարության ոլորտում գնագոյացման, լիցենզավորման և նորմատիվատեխնիկական համակարգերի բարելավման աշխատանքները:
Նստաշրջանին մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների քաղաքաշինության ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրել է Հայաստանում 2022 թվականին իրականացվող և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված շինարարական լայնածավալ աշխատանքները, շեշտադրել տնտեսական աճի ցուցանիշում շինարարության մասնաբաժինը:
Կոմիտեի ղեկավարն անդրադարձել է նաև քաղաքաշինության ոլորտի զարգացմանն ու օրենսդրական դաշտի բարելավմանը միտված նախաձեռնություններին, կարևորել գործընթացների պարզեցման նպատակով թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Արմեն Ղուլարյանը ներկա է եղել նաև Շինարարության միջազգային երկրորդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
ՌԴ այցի ընթացքում կոմիտեի ղեկավարն աշխատանքային հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչների նաև անդամ պետությունների պաշտոնակիցների հետ, քննարկել երկրների միջև ոլորտային համագործակցության առավել ակտիվացման հեռանկարները: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 44-րդ նստաշրջանը 2023 թվականին Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:
ՌԴ շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև երկու գերատեսչությունների միջև 2016թ. կնքված համաձայնագիրը մինչև տարեվերջ վերանայելու, արդիականացնելու և ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: