ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Գործընկերներիս՝ Արման Եղոյանի և Արուսյակ Ջուլհակյանի հետ Ստրասբուրգում շարունակում ենք մեր հանդիպումները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ:
Շուրջ երկու տասնյակ հանդիպումներ ենք ունեցել, որոնք անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում: Մասնավորապես, հանդիպել ենք ԵԽ արտաքին հարցերի հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի, նույն հանձնաժողովի անդամ Իզաբել Սանտոշի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի փոխնախագահ Ռասա Յուկնեվիչիենեի և այլ պատգամավորների հետ:
Հանգամանորեն ներկայացրել ենք Հայաստանին սպառնացող վտանգները և մեր հաստատակամությունը` ամեն գնով պաշտպանելու Հայաստանի շահերն ու իրավունքները: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն, և արժեքների վրա հիմնված բարեկամությունն ամուր է, ինչպես երբեք»։