Ֆրանսիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի ղեկավարները պայմանավորվել են ծովային խողովակաշարի կառուցման շուրջ, որով նախատեսվում է ջրածնի մատակարարում, հաղորդում է Associated Press-ը։
Խողովակաշարը, ըստ ծրագրի, ծովով կմիացնի Մարսելը (Ֆրանսիա) և Բարսելոնան (Իսպանիա)։ Սկզբում նախատեսվում է այն օգտագործել գազամատակարարման համար, սակայն, ի վերջո, պետք է անցում կատարվի էներգիայի այլ աղբյուրի՝ ջրածնի։
Associated Press-ը նշում է, որ երեք պետության ղեկավարները չեն նշում նախագծի իրականացման ժամկետներն ու դրա արժեքը։
Խողովակաշարը, որը կոչվում է «Կանաչ էներգետիկ միջանցք», կփոխարինի MidCat գազատարի նախագծին, որն այդպես էլ կյանքի չկոչվեց: Այդ ծրագրին աջակցում էր, հիմնականում, Գերմանիան, իսկ Ֆրանսիան, ընդհակառակը՝ քննադատում էր։
Նախատեսվում է, որ Իսպանիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի ղեկավարները կհանդիպեն դեկտեմբերի սկզբին՝ վերջնական տեսքի բերելու նախագծի բոլոր մանրամասները։