ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ. ՕՎԵՐՉՈՒԿ
Հարավային Կովկասում ներկայումս ձևավորվում է միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը՝ «Հյուսիս - հարավ» և «Արևելք - արևմուտք»: Եթե այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունները լրացուցիչ եկամուտ կստանան՝ հաշվի առնելով Եվրասիայում այդ երկրների աշխարհագրական դիրքի առավելությունները։ Այս մասին «Արտադրված է Ռուսաստանում» համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Ալեքսեյ Օվերչուկ (ՌԴ փոխվարչապետ) - Այս առումով էական դեր կխաղա Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։
Իրանն ու Ադրբեջանն արդեն սկսել են սահմանին կամուրջների կառուցումը, դրանք կկապեն երկու երկրի ավտոճանապարհներն ու հնարավորություն կտան արագ և հարմարավետ երթևեկություն ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։
Երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը Մեղրիով՝ Հայաստանի տարածքով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Ընդ որում՝ Հայաստանը շրջանցող ճանապարհ արդեն կառուցվում է՝ Իրանի տարածքով. այն պատրաստ կլինի մոտավորապես 2024 թ․ և թույլ կտա դուրս գալ Իրանի, Թուրքիայի և Եվրոպայի շուկաներ։
Օվերչուկը նշել է, որ «Հյուսիս-հարավով» ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրումներ են իրականացվում, սակայն տրանսպորտային միջանցքը չի բավարարում երթևեկության ծավալների սպասվող աճին և արդիականացման ու հզորության ավելացման կարիք ունի:
ՌԴ փոխվարչապետն անդրադարձել է Ռաշտ-Աստարա երկաթուղուն, տեղեկացրել՝ Իրանում վերսկսվել են այդ հատվածում բացակայող 160 կիլոմետրանոց երթուղու կառուցման շուրջ քննարկումները: Օվերչուկը նաև հավելել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը բանակցում են արևմտյան երթուղու տրանսպորտային և լոգիստիկ օպերատորի ստեղծման շուրջ, ինչը թույլ կտա վերահսկել ապրանքների հոսքը, ներդաշնակեցնել սահմանային հսկողության ընթացակարգերը և ապահովել Պարսից ծոցի նավահանգիստներից Բալթյան երկրներ և հակառակ ուղղությամբ անխափան բեռնափոխադրումը:
ԷՐԴՈՂԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՆԱԿՑԵԼ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԵՏ
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է մոտ ապագայում բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։
«Պուտինը հիմա շատ ավելի բաց է երկխոսության համար, քան նախկինում: Տեսնենք՝ ինչ արդյունք կտան առաջիկայում մեր հեռախոսազրույցները»,- նշել է Ռեջեփ Էրդողանը։
Նա հավելել է, որ ավելի վաղ Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ զգացել է, որ վերջինս նույնպես ցանկանում է հաղթահարել ուկրաինական ճգնաժամը: «Հուսով եմ՝ կհաջողվի կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը՝ այդպիսով շարունակելով խաղաղության ճանապարհը»,- ասել է Էրդողանը:
Արձագանքելով Էրդողանի հայտարարություններին՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի օրակարգում Թուրքիայի նախագահի հետ սպասվող հեռախոսազրույց դեռ չկա, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է համաձայնեցվել։
Պեսկովը հավելել է՝ Վլադիմիր Պուտինը միշտ էլ բաց է եղել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար։
ԹԵՀՐԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉԱՅՑԵԼԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ
Թեհրանը Իրանի քաղաքացիներին կոչ է արել չայցելել Ուկրաինա։
«Հաշվի առնելով Ուկրաինայում աճող անկայունությունը՝ նաև խորհուրդ ենք տալիս Ուկրաինայում բնակվող Իրանի քաղաքացիներին լքել այդ երկրի տարածքը»,- ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն հայտարարել էր, որ Գերագույն ռադա է ներկայացվել Կիևի և Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին բանաձևի նախագիծ։ Ուկրաինական կողմը պնդում է, որ Մոսկվան ուկրաինական հակամարտության ընթացքում իրանական անօդաչու թռչող սարքեր է կիրառում: Թեհրանը և Մոսկվան հերքում են Կիևի մեղադրանքները:
ԿԻԵՎՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ. ԿՈՒԼԵԲԱ
Կիևի շրջանում էլեկտրաէներգիայի անջատումներ են իրականացվում՝ հայտնել է տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսի Կուլեբան։ Նա հորդորել է բնակիչներին խնայել էլեկտրաէներգիան։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալով՝ Կիևի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի սղության ֆոնին անջատվում են նաև լուսացույցները:
Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչն էլ մտահոգություն է հայտնել, որ ռուսական ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինան կարող է շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով մնալ առանց ջրի, լույսի և ջեռուցման։
«Երկրի ջերմաէլեկտրակայանների 30%-ը խոցվել է, այժմ վերականգնման աշխատանքներ են տարվում, սակայն երկու օրում իրավիճակը չենք կարող կարգավորել»,- շեշտել է Արեստովիչը:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ՌԴ ՄԵԿՆԵԼԻՍ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ ԿԼՐԱՑՆԵՆ
Հոկտեմբերի 21-ից Ռուսաստան մեկնող չպատվաստված ռուսաստանցիներն այլևս ստիպված չեն լինի ՊՇՌ թեստ հանձնել՝ տեղեկացնում է «Ռոսպոտրեբնադզորը»։
Իսկ օտարերկացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Ռուսաստան մուտք գործելիս ընդամենը պետք է համապատասխան բժշկական հարցաթերթիկ լրացնեն: