BELLINGCAT-Ի ԼՐԱԳՐՈՂՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԲԱՔՎԻ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ
Bellingcat հետաքննական հարթակի լրագրող Կարլոս Գոնսալեսն իր հոդվածում անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:
Նա, մասնավորապես, քննության է ենթարկել ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների երկու տեսանյութ, որոնք տարածվել էին ադրբեջանական սոցցանցերում: Հոդվածի հեղինակը տեղորոշել է միջադեպի հստակ վայրը, այն է՝ Սև լճից ոչ հեռու Իշխանասար լեռան վրա գտնվող դիրքը: Նա նաև անդրադարձել է զինծառայողների հանդերձանքին և սպառազինությանը՝ փաստեր ներկայացնելով, որ դրանք պատկանում են Ադրբեջանի ԶՈՒ-ին:
Գոնսալեսը նաև հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե նշված տեսանյութերը մոնտաժված են և չեն համապատասխանում իրականությանը:
ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ Է ՀՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԵԼ
Նախիջևանի Փառակա գյուղում 10-20-րդ դարերի հայկական գերեզմանատան ավելի քան 800 տապանաքարեր, խաչքարեր և խոյաձև քանդակներ, որոնցից մոտ 70-ի վրա հայերեն արձանագրություններ են եղել, 1997-2009 թթ. ընթացքում բուլդոզերով ավերվել են: Տարածքը հողին է հավասարեցվել, գերեզմանատան տարածքում 13 նոր տուն է կառուցվել՝ ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը:
Կառույցի տվյալով՝ գերեզմանատունը գտնվել է Փառակա գյուղի հյուսիսում և մեծ տարածք զբաղեցրել։ 1933 թ. խորհրդային քարտեզներում այն հիշատակվում է որպես քրիստոնեական գերեզմանատուն:
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒՆ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Հայաստան ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմ ուղարկելու նախաձեռնությունը:
«Առանց Ադրբեջանի համաձայնության նման որոշում կայացնելը հակասում է ԵԱՀԿ-ի գործունեության սկզբունքներին։ Մենք սա համարում ենք մասնավոր որոշում։ Սա ԵԱՀԿ առաքելություն չէ»,- ընդգծել է նախարարը:
Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, թե իբր Հայաստան ուղարկված առաքելությունը ԵԱՀԿ մանդատ չունի։
ԽԱՐԿՈՎՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՈՐՈՏԱՑԵԼ
Առավոտյան Խարկովում պայթյուններ են որոտացել՝ հայտնում է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը։ Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ տուժել է 5 մարդ, վնաս է հասցվել արդյունաբերական ենթակառուցվածքներին։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրում օդային տագնապ է հայտարարվել։ Խոսքը, մասնավորապես, Կիևի, Օդեսայի, Չեռնիգովի, Պոլտավայի, Կիրովոգրադի և Նիկոլաևսկայա շրջանների մասին է։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ՀԱՐՎԱԾԵԼ Է ԽԵՐՍՈՆԻ ԱՆՑԱԿԵՏԻՆ
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Խերսոնի անցակետին, որտեղով բնակիչներին տեղափոխում են առավել անվտանգ վայրեր, կա 4 զոհ՝ հայտարարել է Խերսոնի փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմոուսովը։ Նա զգուշացրել է՝ Ուկրաինան կոշտ պատասխան կստանա:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր շրջանում լարվածության ավելացման ֆոնին քաղաքացիներին տարհանելու որոշման մասին: Նշվում է, որ Ուկրաինան զինուժ և ռազմական տեխնիկա է կուտակում Խերսոնի ուղղությամբ։
ԿԻԵՎԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՂՐԻՄԻ ԿԱՄՐՋԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏ. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կապ չունի Ղրիմի կամրջի վրա հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթյունի հետ։ «Իմ ունեցած տեղեկություններով՝ մենք նման բան չենք պատվիրել»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Վլադիմիր Պուտինը կամրջի վրա պայթյունը ահաբեկչություն է որակել և մեղադրել Ուկրաինայի հատուկ ծառայություններին։
ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԻՔ ԿՍՏԵՂԾՎԻ
ԵՄ երկրների ղեկավարներն աջակցություն են հայտնել գազի պարտադիր համատեղ գնումների գաղափարին՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա հավելել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում է «շուկայի կարգավորման գործիք ստեղծել՝ սահմանափակելու գազի գնի բարձրացումը»։
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ վստահեցրել է, որ էներգակիրների գների նվազեցման ուղղությամբ ԵՄ-ի մշակած միջոցներն արագ արդյունք կտան: