ՍԱՏՄ-ն խիստ հսկողություն է սկսել ոչ միայն մսի` առանց փաստաթղթի վաճառքի, այլև անասնաբույժների գործունեության նկատմամբ: Ավելի քան հարյուր անասնաբույժի նկատմամբ այս տարի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացրել: Անասնաբույժները հիմնականում պատասխանատվության են ենթարկվել աշխատանքը թերի կատարելու համար:
Գեորգի Ավետիսյան (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար) - Մոտավորապես 15-20 հոգի տուգանվել են. պատվաստանյութը ունեին, չէին պատվաստել: Մարդիկ եղան, որ ասացին` ալարեցի անեմ, կամ արդեն տարել էին արոտի:
Սա այն դեպքում, երբ յուրաքանչյուր տարի Կառավարությունը գյուղատնտեսական կենդանիների անվճար պատվաստման համար պետական բյուջեից գումարներ է տրամադրում: Օրեր առաջ գործադիրը հաստատեց Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը: Ծրագրի իրականացման համար հատկացվել է ավելի քան 1 միլիարդ դրամ: Դաբաղի, սիբիրախտի, խշխշան պալարի, բրուցելոզի և լեյկոզի լաբորատոր արյունառություն համար պետությունը վճարում է ամբողջ գլխաքանակի հաշվով: Որոշ հիվանդությունների՝ մաշկաբորբի և պաստերիլիոզի դեպքում պատվաստումներն իրականացվում են միայն ռիսկային համարվող վայրերում:
Ակտիվ պատվաստումների արդյունքում հիմա Հայաստանը հնարավորություն ունի դաբաղ հիվանդության դեմ պայքարում աշխարհում մեկ աստիճանով բարելավել իր դիրքերը: Դաբաղի բռնկման վերջին դեպքը Հայաստանում արձանագրվել էր դեռևս 2016-ին:
Գեորգի Ավետիսյան - Հիմա մենք երկրորդ աստիճանի վրա ենք, նպատակ ունենք երրորդ ստանալու, ունենք հինգ աստիճան:
Հիվանդությունների նկատմամբ դիրքերի բարելավումը նպաստելու է մսամթերքի արտահանման խոչընդոտների վերացմանը: Իսկ հիվանդությունների կրճատումը կամ իսպառ վերացումը հնարավոր է միայն կենդանիների համարակալման ու հաշվառման դեպքում: