Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որը նպատակ ունի մասնագիտական աջակցություն ցուցաբերել կենտրոնի ստեղծման աշխատանքներին:
Այսօր տեղի է ունեցել Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի տեսլականի ներկայացման և Խորհրդատվական հանձնաժողովի առաջին հանդիպումը, որին մասնակցել են արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին և ՄԱԿ Զարգացման ծրագրի ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծումը բխում է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ թեև բարեփոխումն իրականացվում է Կառավարության առաջնորդությամբ և Արդարադատության նախարարության համակարգմամբ, սակայն նոր կենտրոնը չի հիմնադրվելու որպես պետական կամ գործադիր իշխանության մարմին, այլ որպես մասնավոր սուբյեկտ` ոչ առևտրային իրավաբանական անձ։ Աշխատանքների մեկնարկային փուլից սկսած ներգրավվել են անվանի փորձագետներ, որոնք, բացի իրենց փորձն ու գիտելիքները ներդնելուց, կապահովեն նաև ստեղծվող կենտրոնի անկախությունը, հեղինակությունն ու վստահելիությունը»,- նշել է նա:
Խոսքով է հանդես եկել ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, որը ողջունել է Արբիտրաժային կենտրոնի ստեղծման գաղափարը. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի կառավարությանը՝ Արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքներում: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններին, որոնք աջակցել են այս գործընթացին: Արդարադատության ոլորտը այն ոլորտներից է, որտեղ մենք կարող ենք համատեղ աշխատանքներ իրականացնել: Մենք սերտ համագործակցություն ունենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ և ուրախ եմ, որ Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը կյանքի կկոչվի նաև Հայաստանում»:
Ելույթով են հանդես եկել նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և մյուս հյուրերը, որոնք ողջունել են Արբիտրաժային կենտրոնի ստեղծման գաղափարն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու կենտրոնի աշխատանքներին:
Նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները նպատակ են հետապնդում ապահովել արդարադատության արդյունավետությունն և մատչելիությունը` զարգացնելով վեճերի լուծման այլընտրանքային եղանակները, ապահովել առևտրային վեճերի լուծման ժամանակակից եղանակների կիրառումը, Հայաստանում տեղական, տարածաշրջանային և ինչու չէ նաև միջազգային վեճերի լուծումը արբիտրաժի միջոցով` դրանով նաև պայմաններ ստեղծելով Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների արդյունավետ պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների և, մասնավորապես, արբիտրաժի կայացվածությունը կնպաստեն դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչը արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջնային նպատակներից մեկն է։