Գերմանիայում և Լիխտենշտայնի Իշխանապետությունում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հոկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ սննդի և գյուղատնտեսության նախարարության պետքարտուղար Օֆելիա Նիքի (Ophelia Nick) հետ:
ՀՀ դեսպանը գերմանացի պաշտոնյային ներկայացրել է այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
ՀՀ դեսպանը կարևորել է Գերմանիայի՝ որպես գյուղատնտեսության ոլորտում աշխարհում առաջատար երկրներից մեկի և Հայաստանի՝ որպես փոքր, սակայն որակյալ արտադրանք մատակարարող երկրի միջև լավագույն փորձի փոխանակումը՝ այդ թվում ոլորտային մասնագետների փոխայցերի միջոցով:
Երկուստեք կարևորվել է Գերմանիայում պարբերաբար տեղի ունեցող ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը, գոհունակությամբ արձանագրվել, որ Հայաստանը մասնակցել է այս տարվա մայիսին Դյուսելդորֆում կայացած գինիների ProWein և հուլիսին Նյուրնբերգում կայացած օրգանական սննդի BioFach ցուցահանդեսներին:
Գերմանացի պաշտոնյան տեղեկացրել է նաև կլիմայական փոփոխությունների համատեքստում ԳԴՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների, այս ոլորտում թվայնացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային մակարդակում շփումները շարունակելու վերաբերյալ: