ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությունը ոչ մի կերպ չի փոխում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին առաջընթացի հասնելու՝ Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը՝ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտգործնախարարությունը: «Հենց Ֆրանսիայի նախագահի շնորհիվ էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 6-ին Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև հնարավոր եղավ անցկացնել չորրորդ հանդիպումը։ Ֆրանսիան լիովին աջակցում է ԵՄ միջնորդությամբ երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացին»,- նշել են Փարիզում։
ՆԱՏՕ-ՈՒՄ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրները վավերացրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունները, հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ բազմաթիվ երկրներ անվտանգության երաշխիքներ են տրամադրել Շվեդիային և Ֆինլանդիային: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն մեծացրել է իր ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում: «Անդամակցության այս գործընթացը դարձել է ամենաարագը ՆԱՏՕ-ի ժամանակակից պատմության մեջ»,- ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները կաջակցեն Շվեդիային և Ֆինլանդիային, եթե այդ երկրները «ճնշման ենթարկվեն»:
Ստոլտենբերգն ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև Կիևի այն հայտարարություններին, թե Իրանը անօդաչու թռչող սարքեր է տրամադրում Ռուսաստանին Ուկրաինայում կիրառելու նպատակով: ՆԱՏՕ-ի ղեկավարը Իրանին կոչ է արել Մոսկվային, Ստոլտենբերգի բնորոշմամբ, անօրինական պատերազմում:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Թեհրանը կտրականապես դեմ է պատերազմին և պատերազմի կողմերից որևէ մեկին զինելուն»: Անդրադառնալով Ուկրաինաական կողմի մեղադրանքներին՝ Աբդոլլահիանը հայտարարել է, որ Կիևից իրանական ԱԹՍ-ների կիրառման ապացույցներ է պահանջել:
ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ. ԶԱԽԱՐՈՎԱ
Միջուկային զսպման վերաբերյալ ՆԱՏՕ-ի զորավարժությունները կայունություն չեն ապահովում Եվրոպայում. լարվածության լիցքաթափման դեռևս առաջնահերթություն չէ ՆԱՏՕ-ի համար` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավելացնելով, որ այս պայմաններում զորավարժությունները հավելյալ լարվածություն են մտցնում: «Զորավարժություններին մասնակցող երկրների մեծ մասն ունի ոչ միջուկային երկրի կարգավիճակ: Միացյալ Նահանգները, խախտելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հիմնարար սկզբունքները, արդեն տևական ժամանակ է ոչ միջուկային երկրներին ներգրավում է միջուկային զենքի կիրառման գործընթացում՝ հայտարարել է Զախարովան:
ՌԴ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԵԹԵԹ Է. ՄԻՇՈՒՍՏԻՆ
Ռուսաստանին համաշխարհային առևտրից հեռացնելու մտադրությունն անհեթեթ է՝ համոզմունք է հայտնել ՌԴ վարչապետը: Միխայիլ Միշուստինի խոսքով դժվար է պատկերացնել համաշխարհային արդյունաբերությունն առանց ռուսական ռեսուրսների և ապրանքների: Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների մասին խոսելով՝ վարչապետը նշել է, որ դրանք առաջին հերթին վնաս են հասցնում սանկցիաների հեղինակ երկրներին, որոնք արդեն բախվում են ռեկորդային թանկացումների:
ԵՄ-Ն ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ԹՈՂՆԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ. ՇՈԼՑ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էներգակիրներն օգտագործում է Արևմուտքի հետ հակամարտությունում որպես հիմնական զենք՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում: Շոլցը նախազգուշացրել է՝ ԵՄ-ն անպատասխան չի թողնի Մոսկվայի վերջին հարձակումները՝ հավելելով, որ Ռուսաստանի գործողությունների արդյունքում Եվրոպան ոչ թե պառակտվում է, այլ դառնում է ավելի միասնական ու վճռական: Օլաֆ Շոլցի խոսքով՝ Գերմանիան ազատվել է ռուսական գազից կախվածությունից և աշխատում է էներգակիրների գների իջեցման ուղղությամբ: