ՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Եվրամիության՝ 40 հոգուց կազմված դիտորդական հիմնական խումբը առաջիկայում կժամանի Հայաստան: Ողջունելով Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը՝ վարչապետ Փաշինյանը կարևոր համարեց ԵՄ գործընկերների արագ արձագանքն ու որոշումների կայացումը՝ միաժամանակ հիշեցնելով, որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ի սկզբանե պլանավորված է, որ 2 ամիս պիտի աշխատի դիտորդական առաքելությունը, և մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել առաքելության ժամկետը կամ փորձել առաքելությունը դարձնել մշտական: Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում մի թեմա է, որ մեր հանրության և փորձագիտական շրջանում քննարկում է, եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չեմ բացառում, որ ավելի խոր կուսումնասիրենք խնդիրը:
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Վարչապետը թեմային անդրադարձավ Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի քննարկմանը: Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև կստորագրվի 33 միլիոն եվրոյի համաձայնագիր: 10 միլիոն եվրո կուղղվի Ներքին գործերի նախարարության ստեղծմանը, ոստիկանության բարեփոխումներին, պարեկային, միգրացիոն ծառայություններին, մարդու իրավունքների պաշտպանությանը, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի կարողությունների մեծացմանը: Հաջորդ համաձայնագրով նախատեսվող 23 մլն եվրոն կտրամադրվի Սյունիքի մարզում փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանն ու բիզնեսների վերականգնմանը:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Այս բաղադրիչի ներքո առնվազն 200 ընկերության կտրամադրվեն դրամաշնորհներ, բիզնեսների արտադրողականության բարձրացման, ԵՄ շուկայի համար:
Օժանդակություն կտրամադրվի միասնական սոցիալական ծառայությունների կենտրոններին, Արցախից տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալ-հոգեբանական աջակցությանը: Կհամաֆինանսավորվի Գյումրիում «կանաչ» խոհարարության, հյուրընկալության կառավարման, ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրման ծրագիրը:
Նիկոլ Փաշինյան - Մենք անցյալ տարի Եմ հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ներդրումային և տնտեսական ծրագրով ԵՄ-ն Հայաստանին մինչև 2026-ը 2,4 մլրդ եվրոյի աջակցություն կցուցաբերի: Այս ծրագրերը տեղավորվո՞ւմ են այդ շրջանակի մեջ, թե՞ այլ ծրագիր են:
Մհեր Գրիգորյան - Երևի ֆրագմենտներով ուղղակի չտեղավորենք, նոր բաղադրիչը արդարադատության բլոկն է, որը տնտեսական վերականգնման առումով նախատեսված չէր: Երկկողմ ծրագրեր՝ ոստիկանության, մարդու իրավունքներ, միշտ ԵՄ-ի հետ ունեցել ենք:
Վարչապետն ասաց՝ Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում Կառավարությունը մոտ է վերջնական որոշումների կայացմանը: Ընդգծեց՝ գործադիրի համար առաջնահերթություն է ոստիկանության, ազգային անվտանգության, փրկարար, պետական պահպանության ծառայությունների նոր չափանիշների հաստատումը:
Նիկոլ Փաշինյան - Այս բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, պետք է առաջիկա տարիներին կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում՝ զուգահեռ արձանագրելով, որ դա ինքնաբերաբար տեղի չի ունենալու, այլ ատեստավորման միջոցով, որ համոզված լինենք, որ բարձր աշխատավարձ ստացող հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համապատասխանում են մեր ակնկալիքներին:
Փաշինյանն անդրադարձավ նաև արագաչափերի ու տեսախցիկների համակարգը մասնավորից պետական կառավարմանը վերադարձնելու՝ ավելի վաղ կայացված որոշմանը: Այսօրվանից համակարգի կառավարումը իրականացնում է ոստիկանության նորաստեղծ ՊՈԱԿ-ը:
Վահե Ղազարյան (ՀՀ ոստիկանության պետ) - Մեկ-երկու օրում հանձնում-ընդունումը կավարտենք: «Սեքյուրիթի դրիմի» 451 աշխատակից հրամանագրվել են ՊՈԱԿ-ում աշխատելու:
ԼՐԱՑՎԵՑ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Վարչապետը ոստիկանության պետի և ոլորտային պատասխանատուների առջև խնդիր դրեց՝ առավելագույնը արդյունավետ դարձնել համակարգի աշխատանքը:
Կառավարության հաջորդ որոշմամբ լրացվեց ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը սահմանին ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Դրանք գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության մեջ են, քիմիական, մետալուրգիական, որ բարդություն ունեն ներմուծելիս ծախսերի առնչությամբ, գործը թեթևացնենք: Թույլ ենք տալիս, որ սահմանին չվճարեն հարկը, այլ ընթացքում, երբ կվաճառեն, կգոյանա ԱԱՀ:
Հարցի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ ԱԱՀ-ի վերադարձի գծով տնտեսվարողներին պարտք չունեն:
Նիկոլ Փաշինյան - 2019-ին կուտակված 60 մլրդ. 2018-ից մեր քաղաքականությունն է եղել, տնտեսվարողների համար պրոբլեմ էր, դա լուծվել է արմատապես: Մեր պրոբլեմները ինստիտուտների թերզարգացության հետևանք են, ինստիտուցինալ կայացումը կարևոր է:
444 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 23 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
444 մլն դրամ հատկացվեց 7 մարզի 18 բնակավայրի 23 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: Գնել Սանոսյանի խոսքով՝ 2022-ին Կառավարությունը ֆինանսավորել է 9,7 մլրդ դրամի 347 ծրագիր: Վարչապետն արձանագրեց, որ շինարարական ընկերությունների հզորությունները չեն բավականացնում պետական կապիտալ ծախսերի իրականացմանը:
Նիկոլ Փաշինյան - Մենք մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրենք, որ այստեղ կա մի ոլորտ, որտեղ կարելի է ներդրում անել և շահույթներ ստանալ: Կապիտալ ծրագրերի իրականացման հատվածում պարբերաբար խնդիրներ են առաջանում, միշտ չէ, որ պատշաճ արվում են: Կապիտալ ծախսերի թերակատարումը դրա հետ է կապված, մեր անելիքն էլ կա. գնումների համակարգը:
Վահան Քերոբյան - Շինարարության ոլորտը ևս մտնում է այն ոլորտների մեջ, որտեղ, եթե ընկերությունները ձեռք են բերում նոր տեխնիկա, Կառավարությունը տոկոսային ծախսերի մեծ մասը սուբսիդավորում է, և մենք տեսնում ենք արդեն, որ 320-ից ավելի ընկերություն օգտվել է այս ծրագրից:
ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՑԵՄԵՆՏԻ ՈՐՈՇԱԿԻ ԴԵՖԻՑԻՏԻ ԽՆԴՐԻՆ
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի շուկայում ցեմենտի որոշակի դեֆիցիտի խնդրին, ինչը, ըստ նրա, խոսում է շինարարության ծավալի մասին: Դրա համար հոկտեմբերի 10-ից ցեմենտի համար գործող ներմուծման տուրքը իջեցվել է:
Գեղամ Գևորգյան (ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ) - Դեֆիցիտը կարող է լինել արհեստական, գների բարձրացում է եղել, վարույթ չկա, բայց կարծում եմ՝ կհարուցվի:
Նիկոլ Փաշինյան - Հարուցեք: Նշանակում է, որ արհեստական ստեղծում են, վաճառքի պրոբլեմ չունեն, ուզում են գերշահույթ ստանալ:
Տնտեսական մրցակցության հանձնաժողովին վարչապետը հորդորեց լինել ուշադիր, նրա ձևակերպմամբ՝ գերշահույթ ստանալու ախորժակ ունեցողներին զսպելու համար: