Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ տեղի կունենա Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը:
Դիվանագիտական հարաբերություններ
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. փետրվարի 9-ին:
1992 թ. ապրիլին Երևանում բացվել է ԻԻՀ դեսպանությունը, իսկ 1992 թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է ՀՀ դեսպանությունը:
2022 թ. սեպտեմբերի 30-ին ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, ՀՀ ԱԳ նախարարից ստանալով հյուպատոսական գործողություններ իրականացնելու հատուկ թույլտվությունը՝ էկզեկվատուրան, պաշտոնապես անցել է իր պարտականությունների կատարմանը:
Քաղաքական երկխոսություն
Հայաստանի և Իրանի միջև բարձրաստիճան շփումները և հանդիպումները կրում են պարբերական բնույթ:
2022 թ. սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
2022 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:
2022 թ. հուլիսի 7-8-ը տեղի է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի այցը ՀՀ:
2022 թ. հունիսի 14-17-ը կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը ԻԻՀ:
2022 թ. մայիսի 10-12-ը Երևանում տեղի է ունեցել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը։
2022 թ. փետրվարի 19-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
2021 թ. հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
2021 թ. սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:
2021 թ. օգոստոսի 5-ին, ԻԻՀ նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով, Իրան է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առևտրատնտեսական համագործակցություն
Իրանը Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է և արտաքին առևտրի գործընկերների շարքում ավանդաբար գտնվում է առաջին հնգյակում:
Երկու երկրների միջև հաստատված է ակտիվ համագործակցություն էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, միջմարզային, գիտակրթական, մշակույթի և այլ ոլորտներում:
2022 թ. հունվարից-օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 427389.4 հազ. ԱՄՆ դոլար, որից արտահանումը՝ 74412,0, ներմուծումն ըստ արտահանող երկրի՝ 353180.9, ներմուծումն ըստ ապրանքի ծագման երկրի՝ 352977.4 հազ. ԱՄՆ դոլար:
Միջխորհրդարանական համագործակցություն
Նկատելի առաջընթաց է արձանագրվել երկու երկրների խորհրդարանների՝ ՀՀ Ազգային ժողովի և ԻԻՀ Մեջլիսի, հարաբերություններում:
Երկու երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր։ ՀՀ ԱԺ-ում և ԻԻՀ Մեջլիսում գործող Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբերի փոխայցելությունները նոր որակ են հաղորդել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությանը:
Իրավապայմանագրային դաշտ
Հայաստանի և Իրանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 180 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։
Իրանում հայկական համայնք
Իրանում գործում է ակտիվ հայկական համայնք, ինչպես նաև առկա է զգալի հայկական մշակութային ժառանգություն: