Շարունակվում են Կոտայքի մարզպետի աշխատանքային այցերը մարզի համայնքներ՝ տեղում ծանոթանալու պետական և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքներին ու համայնքների ղեկավարների հետ քննարկելու համայնքային խնդիրները: Այդ մասին ասված է մարզպետ Ահարոն Սահակյանի Ֆեյսբուքի էջում:
«Հերթական այցս Նոր Հաճն խոշորացված համայնքում էր:
Համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի ու մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ դիտարկել ենք Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին Նոր Հաճնում ընթացող ներհամայնքային ճանապարհահատվածի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները:
Պետություն-համայնք՝ 35% / 65% համաֆինանսավորմամբ հիմնանորոգվում է համայնք մտնող շուրջ 2,5 կմ երկարությամբ գլխավոր ճանապարհահատվածը:
Զրուցել եմ շինարարների հետ և հորդորել խստագույնս հետևել իրականացվող աշխատանքների որակին, ու դրանք ավարտել ծրագրով սահմանված ժամկետներում:
Այս տարի Նոր Հաճնից ընդհանուր առմամբ 7 սուբվենցիոն ծրագրեր են հաստատվել, որոնց մի մասն ավարտվել են, մյուսներն ընթացքի մեջ են:
Մասնավորապես, Արգելում և Գետամեջում ավարտվել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները, Մրգաշենում ընթացքի մեջ են ջրահեռացման ցանցի կառուցման, իսկ Քանաքեռավանում՝ կոյուղու կառուցման ծրագրերը: Մրգաշեն և Արգել բնակավայրերում ընթացքի մեջ են նաև բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների հիմնանորոգման աշխատանքները, Նոր Արտամետում էլ ընթանում է կոյուղագծերի վերակառուցման ծրագիրը:
Աշխատանքային այցի շրջանակում այցելել ենք նաև Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան թիվ 4 հիմնական դպրոց, շրջել տարածքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, սննդի կազմակերպման պայմաններին, տնօրենի հետ քննարկել դպրոցի խնդիրներն ու ծրագրերը»,- նշված է գրառման մեջ: