Շինարարական տեխնիկայի մուտքը Մոնթեավան, հաճելիորեն զարմացրել է բնակիչներին: Համայնքի քարուքանդ փողոցները, որ դժվարանցանելի են հատկապես անձրևոտ եղանակներին, կնորոգվեն. սկսել են ամենաերկար փողոցից:
Մայիս Մարգարյան (Մոնթեավանի բնակիչ) - Իմ ծնվելուց հետո չեմ հիշում, որ ասֆալտ լինի. առաջին անգամ եմ տեսնում նոր ասֆալտ:
Ասֆալտապատումն արվում է սուբվենցիոն ծրագրով: Ճանապարհաշինարարները, նախատեսվածից մոտ 50 մետր էլ ավելի են նորոգելու՝ ներառելով նախագծից դուրս մնացած ու խիստ քայքայված հատվածը: Վստահեցնում են՝ ասֆալտը 20-25 տարի կդիմանա:
Հովհաննես Լազյան (տեղամասի պետ) - Մենք հարթեցման շերտ ենք անում, քանի որ հիմքը թույլ է, ու սրա վրայից գնալու ենք հիմնական ծածկը: Շատ տեղեր կան՝ քանդել, հարթեցրել ենք:
Մարզի ղեկավարությունը պարբերաբար այցելում է շինհրապարակ՝ ծանոթանալու գործի ընթացքին: Էդվարդ Հովհաննիսյանին հետաքրքրում էր՝ ժամանակ առ ժամանակ տեղացող անձրևները բացասաբար չե՞ն ազդում, արդյոք, ասֆալտի որակի վրա:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Մասնագիտական տեսանկյունից առայժմ խնդիր չեն տեսնում՝ կապված եղանակային պայմանների հետ: Վստահ եմ՝ բոլոր այն դեպքերում, երբ ռիսկ կլինի աշխատանքի որակի հետ կապված, բարեխղճությունը տեղն է. ո՛չ շինարարն իրեն թույլ կտա, ո՛չ մենք՝ որպես վերահսկող, որ շարունակեն աշխատել:
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ բազմապիսի շինարարական աշխատանքներ են ընթանում Խոյ խոշորացված համայնքի 15 գյուղում: Առաջնահերթությունը տրվել է այն բնակավայրերին, որտեղ կենսամակարդակը ցածր է՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Պատկան մարմիններն ամենօրյա ռեժիմով խոշորացույցի տակ են պահում շինհրապարակները:
Էդվարդ Հովհաննիսյան - Ե՛վ ընթացքում է ուշադրություն դարձվում, և՛ վերջում: Աշխատանքն ընդունելուց համապատասխան ստուգումներ ենք իրականացնում: Դրանք պարբերաբար իրականացվում են ՏԿԵՆ մասնագետների կողմից, և շրջայցերը գրեթե ամենօրյա են:
Խոյ համայնքը 15 բնակավայրի համար սուբվենցիոն 8 հայտ է ներկայացրել՝ 25 ենթածրագրով: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 600 մլն դրամ է. 50 տոկոսը պետությունն է ֆինանսավորում: Մի տեղ փողոց են բարեկարգում, մյուսում՝ մանկապարտեզ, 3-րդում՝ պուրակ կառուցում, գազիֆիկացնում կամ՝ գիշերային լուսավորություն անցկացնում: Շահումյանի դպրոցում, որտեղ նաև Մոնթեավանի երեխաներն են հաճախում, մարզադահլիճ են կառուցում: Հինը գրեթե ամբողջությամբ քանդել, նորն են բարձրացնում:
Ղարիբ Կարապետյան (աշխղեկ) - Սրանից մնացել է սյուները, որոնք ուժեղացվել են, հիմնային հեծաններ են գցվել, բետոնացում ենք արել, ծածկը կառուցել ենք:
Լենա Խաչատրյան (Շահումյանի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Մենք ունենք նաև դասարանների խնդիր, մի հատվածը 2013-ին վերանորոգվել է, մյուսը մնացել է վատ վիճակում, ձմռանը դասարանների մասով խնդիր ենք ունենում: Ձմռանը 12 դասարան տեխափոխում ենք վերանորոգված հատված:
Մարզպետարանը գործադիրին է ներկայացրել այն դպրոցների ցանկը, որոնք սեյսմիկ ու շենքային խնդիրներ ունեն: Մարզպետը վստահեցնում է՝ մի քանի տարի հետո Արմավիրի մարզում դպրոցի ու մանկապարտեզի շենքային խնդիրներ չեն լինելու: