770 աշակերտ ունեցող 153 հիմնական դպրոցը վերակառուցումից ի վեր նոր ճաշարանը չի շահագործել: Պատճառը սկզբում կորոնավիրուսն էր, հետո տարածքների վարձակալության կարգում 2020-ի փոփոխությունները:
Անուշ Սարգսյան (153 հիմնական դպրոցի տնօրեն) - Երկու տարի, ինչու երկու, արդեն` երեք, երեխան ինքն իր սնունդը դպրոց է բերել, իր պայուսակի մեջ առանձին նախաճաշիկի հատված, տուփ է, հարմարեցրել է ծնողը, տվել, որովհետև հարակից խանութներ չունենք: Մենք էս հատվածում կրպակներ չունենք, հետո էդ վազքը, գնալը, ետ վերադարձը, վտանգաշատ է:
Պետական գույքի կառավարման կոմիտեն 2020-ին առաջարկեց կրթական հաստատություններում սննդի համար հատկացվող տարածքների վարձակալության գործառույթը հանձնել իրենց: Կառավարությունն այդ որոշումը հաստատեց, սակայն լիազոր մարմինը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այդպես էլ մրցույթ չհայտարարեց:
Արմեն Ավետիսյան (ԿԳՄՍՆ կազմակերպատնտեսական վարչության պետ) - Սահմանվում էր, որ պետք է ուսումնական հաստատությունները ունենային համապատասխան տարածքներ սնունդը կազմակերպելու համար, իսկ էդ դեպքում, երբ հետ է վերցվում տվյալ ուսումնական հաստատություններից, խախտվում էին նաև լիցենզիոն պահանջները, և նախարարությունը, հանդիսանալով քաղաքականությունը մշակվող կառույց, դա համարվում էր ոչ նպատակահարմար և ոչ իրագործելի, հետևաբար մենք այդ կետի հետ համաձայն չէինք:
Նախարարությունն այսօր էլ համաձայն չէ այդ որոշմանը և մինչև օրս մրցույթ չի հայտարարում, քանի որ վստահ է՝ բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ, այդ թվում՝ վարձակալական գների հետ կապված: Թեև գնահատված արժեքի 50 տոկոսի չափով է տարածքը տրվում վարձակալության, այնուամենայնիվ, օրինակ, Կենտրոնի թե՛ հիմնական, թե՛ ավագ դպրոցներում տարածքի ամսական վարձը կրկնակի է բարձրացել: Ընդ որում, փոխվել է նաև գումարի տնօրինումը: Եթե նախկինում ամբողջ գումարը դպրոցն էր իր կարիքների համար ծախսում, ապա 2020-ի փոփոխությամբ՝ ընդամենը 20 տոկոսը, մնացած 80-ը պետք է փոխանցվի պետբյուջե:
Գևորգ Բաբայան (Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ) - Կախված գոտիականությունից` Կենտրոնում է, թե այլ վարչական շրջաններում, մոտավոր 50 քմ-ի վարձակալության արժեքը կարող է տատանվել 10.000-ից մինչև 100.000-ի սահմաններում: Ուղղակի վարձակալության գինը թանկ է լինում, և ոչ մեկը չի ուզում մասնակցի, պայմանագիր կնքի: Էդ գնով ոչ մեկը չի ուզում շահի և սպասարկում իրականացնի:
Կրթական հաստատություններում սննդի մատակարարման խնդիրն օր առաջ լուծելու համար երկու գերատեսչությունները նոր փոփոխություններ են նախաձեռնել: Առաջարկվող տարբերակն այժմ քննարկման փուլում է:
Արմեն Ավետիսյան - Դպրոցները, բուհերը, նախնական ուսումնական հաստատություններն իրենք են արդեն կազմակերպելու մրցույթները, ընտրելու են տվյալ ոլորտում մասնագիտացված կազմակերպության, որոնց հետ կնքվելու է պայմանագիր:
Թե երբ նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ավելի քան 400 կրթական հաստատությունում 2020 թվականի մայիսից մինչև օրս սննդի մատակարարում չի կազմակերպվում: