Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի համար 7 մանկապարտեզը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով: Դեռևս խորհրդային ժամանակներում կառուցված տիպային շենքի մեծ մասը քայքայվել էր: Նախադպրոցական կրթությունն իրականացվում է մասնակիորեն վերանորոգված մի մասնաշենքում միայն:
Սոֆյա Բուռնուչյան (Գավառի համար 7 մանկապարտեզի տնօրեն) - Գավառի թիվ 7 մանկապարտեզում գործում է 4 տարիքային խումբ: Հաճախում են 120 երեխա: Ունենք շատ հերթագրված երեխաներ: Ավարտից հետո խմբերը կհամալրվեն: Կունենանք երկու կամ երեք նոր խմբեր: Երեխաներն այլևս հերթագրվելու կարիք չեն ունենա:
Տնօրենն ասում է՝ մանկապարտեզի հիմնանորոգման անհրաժեշտություն առաջացավ, երբ պարզվեց, որ հերթագրված երեխաների թիվն ավելացել է: Փոքրիկներին մանկապարտեզ տանելու խնդիր ունեն հատկապես աշխատող ծնողները, թեև չաշխատողներն էլ ցանկանում են ապահովել իրենց երեխաների նախադպրոցական կրթությունը:
Անահիտ Մաթոսյան (ծնող) - Չեմ աշխատում, տանն եմ, բայց իմ երկու երեխաներին մեծ սիրով բերում եմ մանկապարտեզ, որովհետև գիտեմ՝ մանկապարտեզը երեխայի կյանքում շատ մեծ բան կարող է փոխել:
Գրիգոր Դաշտոյան (Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ) - 15 տարի և ավելի 4 խմբով է գործում այս մանկապարտեզը, բայց հուրախություն մեզ՝ նաև ծնունդների թիվն է ավելանում: Մենք յուրաքանչյուր տարի հաշվառում ենք կատարում. մանկապարտեզի շենքի հիմնանորոգումով, կարծես թե, մենք կլուծենք մանկապարտեզ չհաճախող երեխաների՝ մանկապարտեզ հաճախելու խնդիրը:
Մանկապարտեզի փոքրիկ սաներն էլ անտարբեր չեն շինարարական եռուզեռին: Պատուհանից հետևում են շինարարների և տեխնիկայի աշխատանքին:
Նախադպրոցական հաստատության հիմնանորոգման արժեքը 174 մլն դրամ է: Համայնքն այս ծրագրում ներդրել է գումարի 25, Կառավարությունը՝ 75 %-ը:
Շինղեկի հավաստմամբ՝ արտաքին նորոգման աշխատանքները, այդ թվում՝ ցանկապատումը, կավարտեն մինչև եղանակի փոխվելը:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան