Կառավարությունը հավանություն է տվել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է տեղական արտադրողի համար գործունեություն ծավալելու բարենպաստ և հավասար պայմանների ստեղծում, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացում և տեսականու ընդլայնում։
Այս կապակցությամբ վարչապետը նշել է. «Ընդհանուր առմամբ՝ շատ երկար ժամանակ Հայաստանում քննարկվում է սահմանին ԱԱՀ գանձելու նպատակահարմարությունը, և մենք կարծես կողմնորոշվել ենք, որ փուլային ճանապարհով պետք է գնանք դրանից հրաժարվելու եղանակով»։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ որոշումը ոչ թե ազատում է ավելացված արժեքի հարկից, այլ վերաբերում է սահմանին հարկելուն, և հետագայում ավելացված արժեքի հարկը վաճառքի փուլում կամ հետագա փուլերում գոյանալու է:
«Այդ առումով մեր քաղաքական մոտեցումը սա է՝ զգույշ, առանց կտրուկ քայլերի փորձենք գնալ այս ճանապարհով՝ իհարկե, առանց վնասելու և հաշվարկելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ բյուջեի եկամուտների համար», - հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Թեմայի համատեքստում անդրադարձ է եղել նաև ԱԱՀ վերադարձի հետ կապված քաղաքականությանը, որը Կառավարությունը հաջող իրականացրել է:
Վարչապետ Փաշինյանն այս առումով նշել է. «2018 թվականից դա մեր քաղաքականությունն է եղել, և տնտեսվարողների համար սա միշտ պրոբլեմ էր՝ ԱԱՀ-ն հետ ստանալը: Հիմա այդ հարցն արմատական ձևով լուծվել է, ըստ էության, գրեթե ինքնաշխատ համակարգ է գործում: Իհարկե, հասկանալի է, որ մեր առաջնային հարցերը և առաջնային օրակարգն այլ են, բայց, մյուս կողմից, շատ կարևոր է արձանագրել, որ մենք հընթացս լուծում ենք ինստիտուցիոնալ նշանակության շատ կարևոր հարցեր, որոնց գոյությունը նաև մոռացվում է: Հիմա ո՞վ է հիշում, որ Հայաստանում ավելացված արժեքի հարկի վերադարձի պրոբլեմ է եղել, երբ մարդիկ իրենց հասանելիք գումարը տարիներով, ամիսներով չեն կարողացել ստանալ: Ոչ ոք չի հիշում դա, չկա նման խնդիր և չի եղել, և մեր խնդիրն է՝ հնարավոր բոլոր խնդիրներն այս եղանակով լուծել:
Եվ բազմաթիվ հարցեր են լուծվել: Անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրների բերումով մենք մոռանում ենք կամ հարկ չենք համարում դա շեշտել, բարձրաձայնել, արձանագրել: Մի կողմից, վատ է այն առումով, որ իրական պատճառն անվտանգային միջավայրի հետ կապված պրոբլեմներն են, բայց, մյուս կողմից, լավ է, որ այդ հարցերը նույնիսկ այս միջավայրում չենք մոռանում լուծել, և ինստիտուցիոնալ խնդիրներ են լուծվում, որոնք երկարաժամկետ առումով լուծելու են մեր պետության հետ կապված բազմաթիվ հարցեր: Ցանկանում եմ նորից վերադառնալ արձանագրմանը, որ մեր պրոբլեմներն ինստիտուտների բացակայության կամ թերզարգացվածության հետևանք են, և այդ առումով, իհարկե, պետական համակարգերի ինստիտուցիոնալ կայացումը չափազանց կարևոր է»:
Անդրադառնալով որոշումների կայացման գործընթացի կապակցությամբ տնտեսվարողների կողմից հնչող դիտարկումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իմիջիայլոց, պիտի արձանագրեմ նաև հետևյալը. բավական երկար ժամանակ է, որ տնտեսվարողները Կառավարության առաջ հարց են դնում, դժգոհում են, ասում, որ ժամանակին չեք արձագանքում, ժամանակին չեք կայացնում որոշումները: Բայց, մյուս կողմից, հարգելի գործընկերներ, ես եկել եմ այն համոզման, որ բոլոր դեպքերում «յոթը չափել, մեկը կտրել» տրամաբանությունը շատ ավելի ճիշտ է:
Որովհետև լինում է՝ լավ նկատառումներով արագ, շատ օպերատիվ որոշումներ ենք կայացնում, հետո պարզվում է, որ այդ որոշումների ոչ բոլոր հարթություններն են դիտարկվել, պատշաճ մակարդակով չի շրջանառվել: Ես լավ կամ վատ լուր ունեմ Հայաստանում կառավարության աշխատանքի տեմպի վերաբերյալ, և լուրն այն է, որ աշխարհում ընդհանրապես արագ կառավարություն չկա: Կառավարությունը մի մարմին է, որն արագ չի աշխատում, և այդպես էլ պետք է լինի:
Կառավարությունը պետք է աշխատի հետևողական, շարունակաբար, և արագությունն անընդհատության և ինստիտուցիոնալ համակարգերի կայացածության հաշվին պետք է ձևավորվի և ոչ թե առանձին վերցրած ժամանակահատվածում, ասենք մեկ շաբաթվա ընթացքում քանի գործողություն արվեց: Սա կարևոր առանձնահատկություն է: Իհարկե, հանրային կառավարման բարեփոխումները մեզ համար ամենահրատապ օրակարգերից են, բայց, մյուս կողմից, ես, իհարկե, համաձայն եմ այն տրամաբանության հետ, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Հենց սա է, որ բերում է որակի, որովհետև մենք ամեն անգամ ստիպված չենք լինում ասել, որ որևէ որոշումը կայացնելիս այս մի բանը հաշվի չենք առել, եկեք նորից փոխենք: Հետևաբար, այս տրամաբանությամբ առաջնորդվելը, կարծում եմ, ճիշտ է, և փորձը ցույց է տալիս, որ որոշումները, որոնք այս տրամաբանությամբ են կայացվել, հետագայում ավելի են արդարացնում իրենց, քան արագ կայացրած որոշումները»: