ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգի կառավարմանը՝ նշելով, որ այն այսուհետ վերապահվում է ոստիկանությանը:
«Մենք որոշում կայացրինք, որ երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափեր, տեսախցիկներ, որ արտապատվիրակված էր, վարձակալությամբ տրված մասնավոր ընկերությանը, վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ: Ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, այսօրվանից լիարժեք իրականացրել ենք հանձնման-ընդունման գործընթացը:
Այս հարցը նաև քաղաքական նրբություն ունի: Մենք չենք շտապել դա պետականացնել, չնայած քաղաքական նրբություններին՝ ամեն ինչ անում ենք, որ տնտեսական դաշտում մեր գործունեությունը մաքսիմալ կանխատեսելի լինի, որպեսզի տնտեսվարողներն անընդհատ այն մտավախություններով չապրեն, թե պետությունը կարող է ինչ-որ մի պահի ինչ-որ մի բան ձեռնարկել: Այսինքն՝ մենք տնտեսական պայմանավորվածությունները, անկախ դրանց էությունից, աշխատում ենք մաքսիմալ պահել, որպեսզի տնտեսական դաշտում Կառավարության քաղաքականությունն ավելորդ լարվածություններ չառաջացնի»,- ասաց վարչապետը:
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն էլ ընդգծեց, որ այսօրվանից համակարգի կառավարումն իրականացնում է ոստիկանության նոր ստեղծված ՊՈԱԿ-ը:
««Սեքյուրիթի Դրիմ» ընկերության փաստացի աշխատակիցների 99 տոկոսը՝ թվով 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ-ում աշխատանքը շարունակելու համար»,- ասաց նա: