ԲԱՔՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒՆ
Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել, որ հայկական կողմը որոշ տարածքներից հանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները. հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
Քրիստիննե Գրիգորյան (Մարդու իրավունքների պաշտպան) - Ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ Պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին: Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները:
Գրիգորյանը պատասխանեց նաև հարցին, թե ինչով է պայմանավորված օրերի տարբերությամբ անհետ կորածների թվի կտրուկ փոփոխությունը:
Քրիստիննե Գրիգորյան - տարբեր օրերին այդ թվերը կարող են փոխվել: Օրինակ՝ ամսի 16-ի դրությամբ միայն մեր գրասենյակ հարազատների, ընտանիքների կողմից ներկայացված դիմումներով մենք ունեինք 40-ից ավելի դիմում, պնդում էին՝ իրենց հարազատն անհետ կորած է: Այդ ընթացքում մոտ 130 մարմին էր փոխանցվել, նույնականացման գործընթացում այս թվերը փոխվեցին»:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից հետո նույնականացվել է 201 մարմին: Առողջապահության նախարարի խոսքով՝ փորձաքննությունն ավարտվել է: Չնույնականացված մարմիններ չկան:
Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացին:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մենք 2 անգամ պարբերականությամբ նաև այն չնույնականացված դիերի հետ կապված փորձաքննություններ իրականցրինք նաև Հոլանդիայում առաջին և երկրորդ փորձաքննությունների պատասխանները արդեն իսկ ստացել ենք, բայց դեռ ունենք մասունքներ, որոնք, ցավոք սրտի, էնտեղ էլ հնարավոր չի եղել նույնականացնել: 60-ից ավելի մեր իրականացրած փորձաքննությունները նաև տարվել են այլ երկներում կրկնակի, եռակի փորձաքննությունների, և դրանք բոլորը կրկնակի, եռակի նույնական պատասխան են ստացել:
44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն ունի 217 անհետ կորած, ևս 29 անհետ կորած են համարվում սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո: Այս թվերը «Թվիթերում» երեկ հրապարակել է վարչապետ Փաշինյանը և հույս հայտնել, որ Ադրբեջանը կգործակցի նրանց ճակատագրերը պարզելու հարցում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան