ԱՄՆ ՎԵՐՋՆԱՆՊԱՏԱԿԸ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ Է. ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է` ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կնպաստի՞ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Պատելը նշել է, որ նման դիրքորոշում ունեն նաև ԱՄՆ պետքարտուղարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը և մյուսները:
«Ես չեմ ցանկանում գործընթացից առաջ անցնել, սակայն, իհարկե, մեր վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է»,- շեշտել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալը:
ՊՈՒՏԻՆԸ «ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՐԴ» ՎԻՃԱԿՈՒՄ Է. ԲԱՅԴԵՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքին: Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անհավանական բարդ» վիճակում է և դիմում է դաժան քայլերի ՝ Ուկրաինային կապիտուլյացիայի ենթարկելու համար: Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայում, սակայն, չեն պատրաստվում կապիտուլյացիայի գնալ:
ՏԱՐԱԾՔՆԵՐ ԶԻՋԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կանադական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցին, թե արդյոք խաղաղության համաձայնագրի շրջանակում կդիտարկի՞ Ռուսաստանին տարածքներ զիջելու հարցը, հայտարարել է, որ այդ տարբերակը չի էլ քննարկվում: «Մեր հողը պատկանում է Ուկրաինայի քաղաքացիներին»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը:
Իր գիշերային ուղերձում էլ Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել է Ուկրաինայի երեք էներգետիկ օբյեկտ: Նա հավելել է, որ երկրի էլեկտրակայանների մեկ երրորդը շարքից դուրս է եկել, և ներկայումս քննարկվում է էլեկտրամատակարարման կայանների անվտանգության ապահովման հարցը:
ԻՍՐԱՅԵԼԸ ԴԵՌԵՎՍ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԿԻԵՎԻՆ. ՀԱՆՑ
Իսրայելը, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ երկրները, աջակցում է Ուկրաինային, սակայն դեռևս մտադիր չէ զենք մատակարարել Կիևին՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ Իսրայելը մարդասիրական և պաշտպանական աջակցություն է տրամադրում Ուկրաինային, ապագայում նաև նախատեսվում է հաստատել երկրին լրացուցիչ օգնության փաթեթը: Հանցը հավելել է, որ իսրայելական կողմը պատրաստ է նաև օգնել Կիևին օդային հարձակման դեպքում նախազգուշացման ժամանակակից համակարգի մշակման հարցում։
ԻՐԱՆԸ ԴԵՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿԻՆ ԶԻՆԵԼՈՒՆ. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ
Իրանի ԱԳ նախարարը Խորվաթիայի արտաքին գործերի և Եվրոպայի նախարարի հետ քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ «Թեհրանը կտրականապես դեմ է պատերազմին և պատերազմի կողմերից որևէ մեկին զինելուն»՝ հայտարարել է Ամիր Աբդոլլահիանը: Անդրադառնալով Ուկրաինայի վերջին իրադարձություններին և այդ երկրի որոշ պաշտոնյաների պնդումներին, թե Ռուսաստանը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, Աբդոլլահիանն ասել է.
«Մենք ուկրաինական կողմից պահանջել ենք ապացույցներ տրամադրել պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ»։
Ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև Իրանի նախագահը: Էբրահիմ Ռաիսին հերքել էր Արևմուտքի և ԱՄՆ-ի հայտարարությունները՝ նշելով՝ իրանցի ժողովուրդը կարծում է, որ անհրաժեշտ է աջակցել ճնշվածներին: Նախագահի խոսքով՝ ոչ մի երկիր չունի պատերազմին ընդդիմանալու այնպիսի մոտիվացիա, ինչպես Իրանը։ «Ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ դիվանագիտական դաշտում, որպեսզի վերջ դնի Եվրոպայում պատերազմին»,- ասել է Ռաիսին։
ԵՄ-Ն ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿՍԱՀՄԱՆԻ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Եվրոպական միությունը պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ՝ Ռուսաստանին անօդաչուներ տրամադրելու համար: Համաձայնությունը ձեռք է բերվել երեկ և պաշտոնապես ուժի մեջ կմտնի այսօր Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում հաստատվելուց հետո:
ԵՄ-ն անձնական սանկցիաներ կսահմանի իրանցի երեք բարձրաստիճան սպաների և նրանց թվում Հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Սաեդ Աղհայանիի նկատմամբ: Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ Ռուսաստանը իրանական «կամիկաձե» ԱԹՍ-ներով հարվածներ է հասցնում Ուկրաինայի ենթակառուցվածքներին, այդ թվում` Կիևում: