Առնվազն հինգ մարդ է զոհվել Չադի մայրաքաղաք Նջամենայում ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով:
Չնայած ցույցերի արգելքին՝ Նջամենայում և երկրի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ երկրում անցումային շրջանի երկարաձգման։ Նշվում է, որ բախումների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ ու զենք է կիրառել։ Լրատվամիջոցները հայտնել են ցուցարարների շրջանում զոհերի և վիրավորների մասին։
Ցուցարարները գրոհել են նաև վարչապետ Սալեհ Քեբզաբոյի «Ժողովրդավարության և նորացման ազգային միություն» (UNDR) կուսակցության շտաբը:
2021 թվականի ապրիլին Չադի նախագահ Իդրիս Դեբին, որը երկար տարիներ ղեկավարել է պետությունը, մահացել է երկրի հյուսիսում ապստամբների դեմ մարտերի ժամանակ ստացած վնասվածքներից։ Այնուհետև Չադի զինվորականները հայտարարել են խորհրդարանը և կառավարությունը ցրելու և երկիրը կառավարելու համար անցումային՝ 15 անդամից բաղկացած ռազմական խորհրդի ձևավորման մասին: Խորհուրդը գլխավորել է 37-ամյա գեներալ Մահամաթ Իդրիս Դեբին՝ մահացած նախագահի որդին։ Զինվորականները հայտնել են, որ անցումային շրջանը երկրում կտևի մեկուկես տարի, որից հետո կանցկացվեն ընտրություններ:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան