ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ասուլիսի ընթացքում, պատասխանելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցին, նշեց՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի համար նաև այս հարցն է կարևոր:
«Գիտեք, որ երկու երկրները նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն չորս հանդիպում են ունեցել, առարկայական քննարկումներ են ունեցել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և Թուրքիայի կողմից փակ սահմանը բացելու ուղղությամբ»,- տեղեկացրեց նա:
Միրզոյանը նշեց՝ ուղենիշը սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, միաժամանակ խոսեց Թուրքիայի ներկայացուցիչների կողմից դրսևորվող մի երևույթի մասին:
«Թուրքիայի մեր զրուցակիցներն այս գործընթացն ավելի քիչ պետք է կապեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ, հակառակը՝ գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը գործել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա»,- նշեց նախարարը: