Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությունը ոչ մի կերպ չի փոխում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին առաջընթացի հասնելու՝ Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը։ Այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Հենց Ֆրանսիայի նախագահի շնորհիվ էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 6-ին Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ հնարավոր եղավ անցկացնել չորրորդ քառակողմ հանդիպումը։ Այս հանդիպումը մեզ մոտեցրեց այդ նպատակին, ինչն արտացոլվեց այդ առիթով ընդունված հայտարարության մեջ։ Բացի դրանից՝ Ֆրանսիան լիովին աջակցում է այն գործընթացին, որը տեղի է ունենում ԵՄ-ի հետ՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ուղղությամբ»,- նշել են Փարիզում։