ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իրանցի պաշտոնակցի՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ասուլիսին՝ լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադարձավ ճանապարհների ապաշրջափակմանն ու Ադրբեջանին Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության հաստատման հնարավորություն ընձեռելուն:
Միրզոյանը հիշեցրեց՝ 2020 թ. եռակողմ հայտարարությամբ Արցախում ռազմական գործողությունները դադարեցվեցին:
«Այդ և դրան հաջորդած ու փոխկապակցված հայտարարություններով ընդգծվում էր տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը, այդ համատեքստում նաև ընդգծվում է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը»,- պարզաբանեց նա:
Միրզոյանը տեղեկացրեց, որ Հայաստանը եռակողմ աշխատանքային ձևաչափում մասնակցում է այդ քննարկումներին:
«Մենք հայտարարել ենք՝ պատրաստ ենք բացել ճանապարհ ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար` անշուշտ, ամրագրելով, կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք կամ կառուցվելիք ենթակառուցվածքները պետք է մնան այն երկրների սուվերենության ներքո, գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, այդ թվում` ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են հասնել Նախիջևան կամ երրորդ երկրների քաղաքացիների ու բեռների համար կարող է օգտագործվել:
Կարծում ենք՝ կարող են ավելի արդիական լուծումներ լինել, ինչպես, օրինակ՝ բեռների էլեկտրոնային հայտարարագրում»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը` հավելելով, որ հայկական կողմի ներկայացրած հիմնական պահանջն արդեն նշեց` ենթակառուցվածքները պետք է մնան այն երկրների սուվերենության ներքո, որով անցնում են:
«Ցավոք, կրկին մենք հանդիպում ենք Ադրբեջանի անզիջում վարքագծին, կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք` այլ` երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական ինտերպրետացիային»,- նշեց նա: