Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսին, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, անդրադարձավ նաև Պարսից ծոց-Սև ծով միջանցքին և դրա նշանակությանը:
«Հաշվի առնելով Հնդկաստանի դերակատարությունը և այն դերը, որ նա կարող է ունենալ այս միջանցքի մեջ, ձևակերպվել է եռակողմ պլատֆորմ ՀՀ-ի, Իրանի և Հնդկաստանի միջև, որ կարողանանք իրականացնել այս ճանապարհի հետ կապված մեր նպատակները, ավելի շատ և ավելի լավ ազդեցություն կարողանանք ունենալ այս միջանցքի կառուցման աշխատանքում»,- ասաց նա:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով:
«Մենք, ինչպես և Իրանը, այս մասին արդեն նախաստորագրել ենք համաձայնություն, բանակցություններ են ընթանում այլ երկրների հետ, նաև երկրների, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում:
Կարծում եմ՝ միջանցքը պետք է հետաքրքիր լինի նաև Հնդկաստանի համար, և մենք ի վերջո կկարողանանք հասնել այս գաղափարի կենսագործմանը»,- նշեց նա: