Այժմ քննարկվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին ԵԱՀԿ դիտորդներ տեղակայելու հարցը, այսօր Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարի հետ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարը, ասաց՝ շատ մոտ ապագայում այդ հարցում հստակություն կլինի: Իսկ մինչև այդ Միրզոյանը հույս ունի, որ կայուն խաղաղության հաստատման գործում դերակատարում կունենա Եվրամիությունից եկող քաղաքացիական առաքելությունը: Հայ-ադրբեջանական սահմանին՝ կրկին հայկական կողմից, 40 դիտորդ տեղակայելու որոշումը ԵՄ-ն երեկ էր ընդունել՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպման արդյունքում:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Մեր ակնկալիքներն են, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա, և այդ փաստերը կվկայեն Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, և կա ադրբեջանական զորքերի ներխուժում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը, բայց նաև պետք է այս առաքելությանը վերագրենք հետագա նոր ագրեսիայի, հարձակումների կանխման կարևոր առաքելություն:
ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ՝ ՈՐՔԱՆՈՎ Է ՀԱՊԿ-Ը ՃԱՆԱՉՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Դիտորդների հարցով պաշտոնական Երևանը դիմել էր նաև ՀԱՊԿ-ին, հիշեցրեց նախարարը, փաստահավաք առաքելությունը եկել էր, արձանագրումների հիման վրա զեկույց կազմել ու այն ներկայացրել անդամ երկրներին: Զեկույցը հիմք է դարձել նաև քարտուղարության շրջանառած որոշման նախագծի համար: Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմը փորձել է բանավոր հասկանալ, թե երբ է տեղի ունենալու խորհրդի նիստը, սակայն դեռ պատասխան չկա, կան քննարկումներ:
Արարատ Միրզոյան - Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները, մեզ նախևառաջ պետք է հասկանալ, թե որքանով է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը որ կա, իսկ դա է՝ ագրեսիա ՀՀ դեմ և ներխուժում ՀՀ սուվերեն տարածք:
ՆՈՐՎԵԳԻԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՍԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ՀՅՈՒԹՖԻԼԴՏ
Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը պատրաստ է աջակցել Նորվեգիան՝ վստահեցնում է սկանդինավյան այդ թագավորության արտգործնախարարը, որ մեկօրյա պաշտոնական այցով Երևանում է: Նորվեգիան թեև ԵՄ անդամ չէ, բայց ակտիվ է ԵԱՀԿ շրջանակում՝ Միրզոյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աննիկեն Հյութֆիլդտը:
Աննիկեն Հյութֆիլդտ (Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար) - Իմ այցի նպատակն է նախևառաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին: Ուրախ կլինեի ավելի լավ հասկանալ երկրում և տարածաշրջանում տիրող իրավիճակն այս դժվարին ժամանակներում, ինչպես նաև ամրապնդել մեր երկու երկրների միջև հրաշալի և ընկերական հարաբերությունները:
Երևանում գնահատում են Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման, նաև Բաքվի կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների վերաբերյալ՝ ընդգծեց Արարատ Միրզոյանը, ասաց՝ մամլո ասուլիսին նախորդած նախ` երկկողմ, ապա ընդլայնված կազմով հանդիպմանը Աննիկեն Հյութֆիլդտին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Արարատ Միրզոյան - Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի կանխարգելման համատեքստում շեշտել եմ սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը և այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Նորվեգիայի աջակցությունը: Վերահաստատել եմ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը:
ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՌԱՎԵԼԱՊԱՇՏԱԿԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ. ՄԻՐԶՈՅԱՆ
Չնայած վերջին շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ինտենսիվ շփումներին` Բաքուն շարունակում է իր առավելապաշտական պահվածքը՝ նշեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Լուրերի» հարցին: Սա, ըստ նախարարի, ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով բանակցությունների վրա ազդելու փորձ է:
Արարատ Միրզոյան - Պետք է ասեմ, որ, ակնհայտորեն, այդպիսի գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին և կառուցողական բանակցություններին: Մեր համոզմամբ՝ այո, չնայած դրանց, և շարունակելով մեր նախկին գործելաոճը և արտահայտելով մեր նախկին համոզմունքը, մենք կարծում ենք, որ վերջնական լուծումների պետք է հանգենք բանակցությունների սեղանի շուրջ: Մենք պատրաստ ենք շարունակել այդ ջանքերը:
Միրզոյան - Հյութֆիլդտ քննարկման օրակարգում է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը: Արձագանքելով այն դիտարկմանը, որ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է՝ պատրաստ է հանդիպել իր հետ, Միրզոյանն ասաց՝ ինքն էլ պատրաստակամ է: Նախարարի խոսքով՝ հայկական կողմը շահագրգռված է երկխոսության հաջող ավարտով:
Արարատ Միրզոյան - Ես կարծում եմ, որ այս հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն և լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ: Ես կրկնում եմ՝ պատրաստ եմ այդպիսի հանդիպման, հուսով եմ՝ այդպիսի հանդիպումն ի վերջո շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆՈՐՎԵԳԻԱ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ
Միրզոյանի ուղեկցությամբ Հյութֆիլդտն այսօր նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավելի քան տասը տարվա դադարից հետո նորվեգացի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան: Դիվանագիտական հարաբերությունների արդեն 30-ամյա պատմություն ունեցող երկու երկրների արտգործնախարարները վստահ են՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ընդլայնման հեռանկարներ կան: