Փողոցում թափված աղբի շատանալու հետ՝ Երևանում հիշել են խանութի-սննդի կետի հարակից տարածքը մաքուր-բարեկարգ պահելու վերաբերյալ ավագանու տարիներ առաջ ընդունած որոշումը։ Տնտեսվարողին այն պարտադրում է՝ եթե փոքր կրպակ է՝ 5 մետր շառավղով, եթե մեծ օբյեկտ՝ մուտքից մինչև փողոցի երթևեկելի հատվածը, մայթը ներառյալ, պահել խնամված վիճակում։ Փնթիները, քաղաքապետի խորհրդականը հիշեցնում է, շուտով նախազգուշացում կստանան, ապա կտուգանվեն։
Արամ Դանիելյան (Երևանի քաղաքապետի խորհրդական) - 20 հազար դրամ տուգանք է ենթադրում, ուզում եմ նշել, որ դա կարող է պարբերաբար տեղի ունենալ՝ մեկ անգամ տուգանվելով տվյալ տնտեսվարողը չի կարող մտածել, որ ձեռքերս լվացի, կարող է ընդհուպ մինչև ամեն շաբաթ նույն տնտեսվարողի նկատմամբ նույն վարչարարությունը կիրառվել:
Ըստ Դանիելյանի՝ վարչական շրջանների աշխատակիցներն ամռան վերջից այցելում են ընկերություններ, հուշում՝ հավաքարարին հանձնարարեն օրվա ընթացքում մաքրի նաև դրսում հաճախ հենց իրենց հաճախորդների շպրտած ծխախոտի մնացորդը կամ ՀԴՄ կտրոնը։ Ի դեպ, տնտեսվարողներից շատերը պարտաճանաչ դա ապահովում են՝ առանց ասելու։ Այդուհանդերձ, բոլորին իրազեկում են․ մայրաքաղաքում աշխատող 13 հազարից քիչ ավելի բիզնեսների հիմնական մասն արդեն տեղեկացվել է։
Արամ Դանիելյան - Շուրջ 2 ամիս մի փոքր ավելի գործընթացը տեղի է ունենում, և այս պահին մայրաքաղաքի 90 տոկոս տնտեսվարողները՝ 10 հազարից ավելի, ծանուցվել են:
Կծած կարկանդակ, շշեր, տոպրակներ՝ ուտելիքի մնացորդներով աղտոտված այս տարածքը արագ սննդի կետերով առատ Տերյան-Կորյունի խաչմերուկն է։ Հիմնականում ուսանողներին կերակրող տեղի կրպակներում, չնկարահանվելու պայմանով, պնդում են՝ կոնկրետ իրենց դեպքում խնդիրը կուտակվող աղբը հեռացնելն է։
Ուշադիր են լինելու հատկապես սնվելու կետերին, ծաղկի վաճառասրահներին, որ խանութի կողքերը պահեստի են վերածում։ Վճարային տերմինալները, բանկոմատներն էլ թափառող կտրոններով են կեղտոտում փողոցները՝ թվարկում է Արամ Դանիելյանը։
Արամ Դանիելյան - Ունենք խնդիր նաև բանկերի տերմինալների հետ. գործարք են անում մարդիկ, անդորրագրերի համար կամ աղբամաններ չեն լինում, կամ չեն դատարկվում, ու դա հայտնվում է մայթին:
Արդյոք տնտեսվարողներն իրենց շուրջը մաքուր կպահե՞ն, որ Երևանի հավաքարարները հասցնեն մյուս հատվածներով գոնե զբաղվել՝ ստուգելու են վարչական շրջանի աշխատակիցները, նրանց արածը վերահսկեն քաղաքապետարանից։ Նույն որոշմամբ բիզնեսը ձմռանն էլ պարտավոր է մայթի իր բաժինը մաքրել սառույցից ու ձյունից։