Պարեկային ծառայություն ոչ միայն ցամաքում, այլև ջրում: Արդարադատության նախարարությունը նոր հայեցակարգ է մշակել, ըստ որի Սևանա լճում ու առափնյա հատվածներում հերթապահություն կիրականացնեն նոր պարեկները: Փոխնախարարը բացատրում է՝ վերլուծեցին ներքին խնդիրները, ուսումնասիրեցին միջազգային փորձն ու որոշեցին՝ ջրային պարեկների առանձին թիմ է անհրաժեշտ:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության փոխնախարար) - Սևանա լճի տարածքում հատկապես տարբեր ապօրինի ձկնորսության դեպքերի ենք մենք ականատես լինում կամ ապօրինի որսի հետ կապված տարբեր միջադեպերի և, օրինակ՝ մահացության ելքով տարբեր իրավիճակների ենք բախվում: Սա, կարելի է ասել, ազդակ էր մեզ համար, որ մենք ինքներս գնահատեինք այս իրավիճակն ու հասկանայինք, թե պարեկային ծառայությունն ինչպիսի ներդրում կարող է ունենալ այս տեսանկյունից և կանխարգելել նմանատիպ դեպքերը
Պարեկների այս թիմի աշխատանքը կբաժանվի երկու մասի: Նախ ամռան սեզոնին, երբ Սևանը մարդաշատ է, նրանք ուղիղ պատասխանատվություն կկրեն կարգուկանոնի պահպանման, հանգստացողների անվտանգության համար:
Բայց ջրին ու ափին հսկողությունը միայն հունիսից օգոստոսով չի սահմանափակվի: Սարգսյանն ասում է՝ գարնան կեսից մինչև հունվար, այսինքն՝ պայմանագրերի կնքումից մինչև ձվադրման շրջան, պարեկների համար լիարժեք աշխատանքային է լինելու:
Արփինե Սարգսյան - Այս սեզոնները մենք առանձնացրել ենք, հատկապես գարնան և դեկտեմբեր-հունվար ամիսները՝ ունենալով մեր նախկին տարիների փորձառությունը, երբ տարբեր որոշումներով արգելվել է կամ, էսպես ասեմ՝ ձկնորսությունը Սևանա լճում, կամ լճի կենդանական աշխարհի պաշարների օգտագործման պայմանագրեր են կնքվել, և ըստ այդմ մենք այս բոլոր ժամանակահատվածները առանձնացրել ենք, էսպես ասել՝ պիկ ժամանակահատվածներ, երբ կարիք կլինի ջրային պարեկների թիմի ամբողջական ներգրավումը լճի տարածքում պարեկային ծառայության իրականացման:
Ջրային պարեկների թիմը կձևավորվի Գեղարքունիքի պարեկայինի կազմում: Հետևաբար այն ամիսներին, երբ աշխատանքը պակաս ինտենսիվ կլինի, նրանք պարապ չեն մնա, կներգրավվեն ճանապարհային հսկողությանը՝ նշում է Արփինե Սարգսյանը: Հատուկ թիմի անդամներին, ըստ նրա, ընտրելու են արդեն համակարգում աշխատող քիչ թե շատ փորձ հավաքած պարեկներից:
Արփինե Սարգսյան - Մի քանի չափանիշներ կան, որոնք պարեկները պետք է բավարարեն, որ հետագայում հավակնեն մասը կազմելու վերապատրաստումների, իսկ հետագայում անցնելու ծառայությանը: Բնականաբար պետք է ունենան լողալու, սուզվելու, ինքնափրկվելու կարողություն, ընդ որում, էսպես ասեմ՝ ջրի տարբեր տաքության պայմաններում՝ և՛ տաք ջրում, և՛ սառը ջրում տվյալ գործողությունները կատարելու տեսանկյունից, որովհետև, ինչպես նշեցի՝ սա մեկ մակարդակ բարձր և վտանգավոր ծառայություն է իրենից ենթադրում, և մեր պարեկները պետք է չափազանց պատրաստված լինեն:
Ծառայության ներսում արդեն նախնական հայտարարություն տարածել են, Սարգսյանն ասում է՝ հետաքրքրվողներ կան: Նոր թիմում ընդգրկվելու համար այս պահին հավելյալ խրախուսում նախատեսված չէ, սպասում են կամավորների՝ ջրային միջավայրի սիրահարների: Ընտրվածները մայիսից կանցնեն վերապատրաստում երկու փուլով, կտիրապետեն փրկարարական հմտություններին, իսկ ծառայությունը լիարժեք կգործի 2023-ի սեպտեմբերից: Հաջորդ ամռան սեզոնին, սակայն, չեն հասցնի, փոխնախարարի խոսքով՝ աշխատանք շատ կա:
Արփինե Սարգսյան - Մենք նաև ամերիկյան վերապատրաստողների պետք է բերենք Հայաստան, որ նրանք կարողանան պատշաճ կերպով իրականացնել այդ վերապատրաստումներն այստեղ, որովհետև հանրապետության մակարդակով մենք այդպիսի փորձառություն չունենք: Բացի այդ, ենթակառուցվածքների ապահովման և նաև ջրային փոխադրամիջոցների ձեռքբերման նպատակով մեր նախնական հարցումները տարբեր մատակարարների թույլ են տալիս նշել, որ 6-7 ամիս կպահանջվի միայն ջրային փոխադրամիջոցները Հայաստան բերելու համար, ըստ այդմ մեր պլանավորումը եղավ այնպես, որ 4-րդ ակադեմիայի հետ համահունչ, մենք կարողանանք ներդնել ջրային պարեկային ծառայությունը:
Հայեցակարգով Սևանում 4 հենակետ է նախատեսված՝ 48 ծառայողով, բայց Արփինե Սարգսյանի խոսքով՝ մեկնարկը կտան 2-ից, պրակտիկայում կգնահատեն նոր հենակետերի անհրաժեշտությունը: Թե այս տարբերվող խմբի գործարկումը որքան կնստի բյուջեի վրա, փոխնախարարը դեռ չի հստակեցնում, ասում է՝ խոշորացված հաշվարկներ կան, բայց դրանք դեռ դետալացնելու կարիք ունեն: