Շենգավիթ վարչական շրջանի տարբեր բակեր փոքր շինհրապարակի են վերածվել: Ցանկապատված տարածքները մաքրվում են, դառնում շենքի բոլոր բնակիչների համար նախատեսված կանաչ տարածքներ:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Առաջին հերթին խնդիրն է ունեցել բակային տարածքների հետ կապված և բարեկարգումը, որ անում ենք, կարծում եմ՝ աննախադեպ է լինելու, հենց հիմա էլ մի բակում ենք, այս տարածքը շուտով վերադարձվելու է բնակչությանը:
Եթե խանգարող շինություններ, ավտոտնակներ լինեն, պետք է ապամոնտաժվեն, որ դրանց տեղում կառուցվեն նոր խաղահրապարակներ ու ճեմուղիներ, 1-2-ի հարմարավետության հարցը չի ազդելու տարածքի բոլոր բնակիչների բարեկեցության վրա՝ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի դիտարկումն է:
Ռազմիկ Մկրտչյան (Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար) - Լավագույն օրինակն է, որ կարող ենք ցույց տալ:
Բակային տարածքը հենց բնակիչներն են բարեկարգել, կանաչ տարածքով ապահովել:
Ռազմիկ Մկրտչյան - Մենք էլ մեր քայլն ենք անում, եզրաքարերն ենք փոխում, ճեմուղիներ ենք անում, բայց պետք է փաստենք՝ բնակիչները շատ սրտացավ են, օրինակը վարակիչ լինի:
Այս շենքի դեպքում էլ բակում կա խաղահրապարակ, բայց շենքն է վթարային:
- Համատիրությունը մեռավ լուծելով, նորից ջուրը լցվում է, շենքը գերքայքայված է: Համատիրությունից դժգոհ չենք:
- Մոտավոր Երևանում ունենք 120 շենք, որ նման վիճակում են, ընդհանուր ծրագիր պետք է մշակենք, օրինակ՝ Արզումանյանի շենքի ծրագիրը ձգձգվել է, քանի որ մի երկու բնակիչ համաձայն չեն, մենք հասկանում ենք, որ շենքը փլվի՝ բոլորիս աղետն է:
- Ձեր ծրագրի մեջ ընդգրկեք:
- Բոլոր 3-րդ կարգի վթարայինները ընդգրկվելու են, բայց էս դեպքում անհատական մոտեցում էլ է պետք, քանի որ սպեցիֆիկ ա, տարածքները փոքր են:
Բակերը հիմնականում մաքուր են, բայց ամեն օր չեն հասցնում մաքրել. Ավինյանը ծանրաբեռնվածության մասին է հետաքրքրվում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցներից.
- Ձեր քանակը քի՞չ է:
- 4 հոգի, 200 շենքը, որ գումարը բարձրանա մի քիչ, ավելի շատ մարդ կգա: Հիմա մաքուր 150.000 ենք ստանում:
Բակային բարեկարգումներին զուգահեռ նորոգվում կամ հիմնանորոգվում են Շենգավիթի մանկապարտեզները: Միայն այս վարչական շրջանում այդպիսի 8 մանկապարտեզ կա:
Ռազմիկ Մկրտչյան - 3-ը հանձնվել են արդեն, մյուսները դեռ նորոգման փուլում են:
Արդյունքում հիմա մանկապարտեզ հաճախելու հերթը ավելացել է՝ Շենգավիթում 2500 փոքրիկ է սպասում, բայց մանկապարտեզների նորոգման արդյունքում հաջորդ տարիներին ավելի մեծ թվով երեխաներ հնարավոր կլինի ընդունել: Կոնկրետ այս մանկապարտեզի դեպքում նախկին 5-ի փոխարեն 8 խումբ է լինելու:
Հիմնանորոգման կարիք ունեն նաև պոլիկլինիկաները:
Տիգրան Ավինյան - Այսօր այցելել ենք 17-րդ պոլիկլինիկա, որը 1941 թ. շենք է:
Անհրաժեշտ սարքավորումներով համալրվում է, մասնակի նորոգումներ արվել են, փոխվել են տանիքն ու պատուհանները, բայց հիմնանորոգման, նաև շենքի արդյունավետ օգտագործման կարիք կա:
- Շենքը մեծ ա, ավելի լավ ա նոր ստանդարտով էստեղ նոր շենք կառուցենք, չնայած հիմնանորոգման նախահաշիվ կազմվի:
- Իսկ դուք ի՞նչ եք նախընտրում, նոր ստանդարտով պիլո՞տ անենք:
- Էդ դեպքում համաձայն կլինենք:
Եթե որոշվի պոլիկլինիկայի համար նոր շենք կառուցել, հինը ոչ թե քանդվելու, այլ հիմնանորոգվելու է, պարզապես գործառույթը կփոխվի՝ ըստ վարչական շրջանի բնակչության պահանջների: Գուցե որոշվի այդ շենքում արդեն տեղակայել, օրինակ՝ երաժշտական դպրոց կամ այլ տարբեր խմբակներ: