Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողնեը հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ: Նրանք նախարարին են փոխանցել իրենց դիմումը՝ բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ, հրավիրել հաջորդ գիտական նիստին:
Էդգար Զատիկյան (Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող) - Մենք նախարարին ևս մեկ անգամ ենք հրավիրում մեր գիտական նիստին, որովհետև 5 ուսանող չի կարող ներկայացնել 4500 ուսանողություն: Եվ մենք էդ ժամանակ մեր բոլոր պահանջները կներկայացնենք:
Վահրամ Դումանյանը հանդիպման ժամանակ նշեց՝ աշխատանքային նախագծի մասին դեռևս այս տարվա օգոստոսի 9-ին տեղեկացվել են բուհերի ռեկտորները, որոնց հնարավորություն է տրվել ներկայացնել առաջարկներ, սակայն բուհերը, նախարարի հավաստմամբ, դա չեն արել:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Ոչ միայն ձեր ռեկտորի, նաև նշված բուհերի բոլոր ռեկտորների հետ իմ աշխատասենյակում եղել է հանդիպում, որտեղ հստակ, շատ հստակ ասվել է, որ կա այս գաղափարը, որը, ամենայն հավականությամբ, մոտակա շրջանում կդառնա գործողություն: Բայց որևիցե կոնկրետ ամիս, օր, ժամ հայտնի չի եղել:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց՝ նախագիծը հոկտեմբերի 7-ին սահմանված կարգով ներկայացվել է Արդարադատության նախարարությանը, որտեղ մասնագիտական փորձաքննություն է անցնում ցանկացած իրավական փաստաթուղթ: Նախագիծը լրամշակման և խմբագրման կենթարկվի ակադեմիական քննարկումների և հիմնավոր մասնագիտական առաջարկությունների արդյունքում:
Վահրամ Դումանյան - Որևիցե մանիպուլյացիայի մի տրվեք, խնդրում եմ Ձեզ, որևիցե գաղտնիք չկա, որ ասում եք` գաղտնի եք պահել: Եթե գաղտնի պահեինք, դուք չէիք իմանա դրա մասին:
Վահրամ Դումանյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպումներ ունենալ Բրյուսովի համալսարանի, մանկավարժականի և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ գիտակրթական խնդիրները քննարկելու օրակարգով:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան