ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՀՀ
Ուրուգվայի Սենատը դատապարտել է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք: Պատգամավորները նաև մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական բախումների կապակցությամբ: Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի զինվորականների իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին բազմաթիվ վկայությունների կապակցությամբ Սենատն ամբողջական և անաչառ հետաքննություն է պահանջել:
Ուրուգավայի փոխնախագահ Բեատրիս Արգիմոնը ողջունել է Սենատի որոշումը.
«Միանում եմ Ուրուգվայի Սենատի միաձայն հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ: Մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»,- գրել է նա Թվիթերի միկրոբլոգում:
ԲԱՔՈՒՆ ՄԱԿՐՈՆԻ ԴԵՄ ԱՐՇԱՎՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Բաքուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ արշավում ներգրավել է նաև երեխաների: Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներից մեկի շրջանակում երեխաները հաղորդավարի հետ Մակրոնին վիրավորող և հայամետության համար մեղադրող երգ են կատարել:
Երեք րոպեանոց երգում Մակրոնին մեղադրում են հայամետության, անազնվության, կեղծիքի համար, նա ներկայացվում է որպես իսլամաֆոբ և թուրքաֆոբ:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, France 2-ին տված հարցազրույցում Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին, նա նշել էր, որ մեր երկիրը միշտ պայքարել է տարածաշրջանում հանդուրժողականության և խաղաղության համար: Մակրոնը նաև մեղադրել էր Ադրբեջանին 44-օրյա պատերազմը և այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ագրեսիան սանձազերծելու համար:
ԽԵՐՍՈՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ. ՍՈՒՐՈՎԻԿԻՆ
Ուկրաինայում ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինը մտահոգություն է հայտնել, որ Խերսոնի ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել:
«Խերսոնի հարցով Ռուսաստանի ապագա ծրագրերը կախված կլինեն ռազմամարտավարական հետագա իրավիճակից, չի բացառվում բարդ որոշումների ընդունումը»,- նշել է Սուրովիկինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի ձգտում մարտի դաշտում արագ առաջընթաց արձանագրել: «Մենք այլ ռազմավարություն ունենք: Մենք հոգում ենք յուրաքանչյուր զինվորի մասին և ոչնչացնում հարձակվող թշնամուն: Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան անկախ լինի Արևմուտքից և ՆԱՏՕ-ից: Մենք և ուկրաինացիները մեկ ժողովուրդ ենք»,- ասել է Սուրովիկինը։
Խերսոնի շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն էլ տեղեկացրել է, որ ուկրաինական ուժերի կողմից Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ոչնչացման սպառնալիքի պատճառով նախատեսվում է շուրջ 50-60 հազար մարդու տարհանել Դնեպրի ձախ ափ և Ռուսաստանի այլ շրջաններ։ Ըստ ռուսական կողմի՝ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են տեխնիկա և զինուժ կուտակել Խերսոնի ուղղղությամբ:
ՄԱՍՆԱԿԻ ԶՈՐԱՀԱՎԱՔ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԴԵՌ ՉԿԱ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանում մասնակի զորահավաք ավարտելու մասին նախագահի հրամանագիր դեռևս չկա՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
«Իսկ այն շրջաններում, որտեղ զորահավաքի հետ կապված առաջադրանքները կատարվել են, զորահավաքային գործընթացը դադարեցվել է։ Նաև նշեմ՝ զորակոչվածների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 300000-ը»,- մանրամասնել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ արդեն զորակոչվել է ավելի քան 220000 մարդ:
Խոսելով «Հյուսիսային հոսք» խողովակաշարերում պայթյունների և գազի արտահոսքի մասին՝ Պեսկովը համոզմունք է հայտնել, որ միջադեպը դիվերսիայի հետևանք է և չի բխում Ռուսաստանի շահերից: «Միջադեպի հետաքննությունն իրականացվում է փակ ռեժիմով՝ առանց ռուսական կողմի հետ գործակցության»,- հավելել է Պեսկովը:
Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում իրանական անօդաչու սարքեր օգտագործելու համար Մոսկվային ներկայացվող մեղադրանքներին, ընդգծել՝ ռուսական ուժերը կիրառում են միայն ռուսական տեխնիկա:
ՆԱՏՕ-Ն ԱԹՍ-ՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՏԵԽՆԻԿԱ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԿԻԵՎԻՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը շուտով անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար համապատասխան տեխնիկա կմատակարարի Կիևին։ Ենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ուկրաինան մի օր կդառնա դաշինքի անդամ, սակայն այս պահին գերնպատակը Կիևին ռազմական աջակցությունն է։
Նա հավելել է, որ Ուկրաինայի դեմ միջուկային զենքի կիրառման ռիսկը փոքր է, սակայն դաշինքը պետք է լուրջ վերաբերվի այդ սպառնալիքին։
Ստոլտենբերգն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հնարավորությանը:
«Թբիլիսին ավելի շատ կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի աջակցության վրա, եթե կենտրոնանա անհրաժեշտ բարեփոխումների իրականացման վրա և արձագանքի կոռուպցիայի և անվտանգության մարմինների նկատմամբ հանրային վերահսկողության վերաբերյալ դաշինքի մտահոգություններին»,- մանրամասնել է գլխավոր քարտուղարը: