Բրյուսովի անվան համալսարանից ու Ֆիզկուլտուրայի ինստիտուտից հետո այս անգամ էլ Մանկավարժական համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստում էր քննարկվում երեք բուհերի միավորման նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը այստեղ էլ ասաց՝ նպատակը մանկավարժական ուղղվածության բուհի ստեղծումն է՝ առկա ներուժը միավորելով:
ԿԱՐԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Քանի որ մենք գիտենք, որ մանկավարժությունը ռազմավարական նշանակություն ունի, և մենք ունենք խնդիր ունենալու լավ, որակյալ ուսուցիչներ, և, ընդհանուր առմամբ, նոր բուհերի ստեղծումը, օգտագործելով առկա հենքը, նրանում է կայանում, որ ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրագույն կրթություն:
Բուհերի միջազգային վարկանիշավորման համակարգերի չափորոշիչները, որոնց մեր բուհերը կամ չեն համապատասխանում, կամ լավագույն դեպքում հայտնվում են ցածր տեղերում, այստեղ էլ կասկածի տակ դրվեցին: Թռչունյանն առարկեց: Նաև նկատեց՝ ամեն դեպքում աշխարհը դա է ընդունում, իսկ մենք ձգտում ենք համահունչ լինել: Միավորմանն ընդդիմացող Բրյուսովի համալսարանից Մանկավարժականին հասցեագրվող մեղադրանքներին, թե ցածրորակ կրթություն է տրամադրում, դիմորդներին հետաքրքիր չէ և այլն, տարբեր արձագանքներ եղան:
Փորձեցին հակառակը հիմնավորել, իսկ ոչ բավարար հետաքրքրությունը կապել ուսուցչի աշխատանքի նվազած գրավչության հետ: Նաև կարծիք հնչեց, որ բրյուսովցիների ոչ ադեկվատ հակազդեցությունը կարելի է հասկանալ, որովհետև տարիներ շարունակ լսել են, որ իրենց բուհը պետք է փակեն, միավորեն և այլն: Փոխնախարար, Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը կարևորեց էթիկայի պահպանումը, ինչքան էլ կրթության ոլորտի մասնագետների պատրաստման հարցում բազում խնդիրներն անժխտելի են, որոնց լուծումները քննարկվում են, աստիճանաբար իրագործվում:
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ես անթույլատրելի եմ համարում այս ընթացքում հնչած տարաբնույթ որակումներն ու գնահատականները, որոնք պետք է անթույլատրելի լինեն մեր հասարակության ներսում յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք պիտի պահենք այդ քննարկումների բովանդակությունն ու որակը և չանցնենք այն գծերը, որոնք չի կարելի անցնել, և ես կարծում եմ, ցավոք, այդ գծերն անցել են տարբեր կողմեր այս քննարկումների ընթացքում, և կոչ եմ անում համապատասխան արտահայտություններ իրենց թույլ տված անձինք ներողություն խնդրեն բուհից:
Միավորմանն առնչվող շատ հարցեր դեռ հստակ պատասխան չունեն՝ ինչպես են համադրվելու միանման կրթական ծրագրերը, երբ է նախատեսվում փոփոխությունը, նոր բուհի անվանման մեջ կներառվե՞ն «պետական» և «մանկավարժական» բառերը, հաստատությունը կլինի ինստիտո՞ւտ, թե՞ համալսարան, ուսանողական ու կառավարման խորհրդում ներկայացվածության համամասնությունը ինչպես կորոշվի և այլն: Փոխնախարար Թռչունյանի փոխանցմամբ՝ առայժմ ընդհանուր նպատակն է ձևակերպված: Մնացած մանրամասները կորոշվեն մասնագիտական քննարկումների արդյունքում:
Բայց այն, ինչ կա հիմա, մտահոգություններ է առաջացնում նաև Մանկավարժական համալսարանում:
ԱԻԴԱ ԹՈՓՈՒԶՅԱՆ (ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնի վարիչ) - Ինչ ասել է՝ այդ երկու համալսարանները միանում են Մանկավարժական համալսարանին: Ներողություն, ինչ գործ ունեն որոշ մասնագիտություններ, որ պիտի միանան Մանկավարժական համալսարանին, և հետո, երկու տարի հետո գնա՝ մեկը պետական համալսարան, մյուսը՝ ժողտնտեսության ինստիտուտ, նման միացման դեպքում ես կոնկրետ դեմ եմ: Չգիտեմ՝ դուք ի՛նչ եք մտածում, ի՛նչ կանեք:
Մանկավարժության ամբիոնի վարիչն ընդգծեց՝ միացումը պետք է զգույշ ու նուրբ արվի, որ հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանվի: Քննարկման ավարտին ընդունված որոշմամբ գիտական խորհուրդը պատրաստակամություն հայտնեց աջակցել բուհերի միավորման գործընթացին, անմիջական մասնակցություն ունենալ առաջարկների ու հիմնավորումների միջոցով՝ ի շահ կրթության որակի:
Հեղինակ՝ Աննա Զախարյան