Դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի ամենահայտնի ստեղծագործությունները, որոնք վաղուց համաշխարհային հիթ են դարձել, արդեն երրորդ անգամ կհնչեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ռիչարդ Կլայդերման (դաշնակահար) - Ես հիշում եմ իմ առաջին այցելությունը Հայաստան և հիշում եմ, թե ինչ ջերմ ու էմոցիոնալ համերգ էր: Հանդիսատեսը շատ հարազատորեն ընդունեց ինձ և բավականին լավ գիտեր իմ երաժշտությունը: Հույս ունեմ, որ համերգը կանցնի այնքան հաջող, որքան նախորդ անգամ:
Իմպրովիզացիաների վարպետը ելույթ կունենա հոկտեմբերի 20-ին և 21-ին: Ասում է՝ համերգից հետո անակնկալ է լինելու, որը չի ցանկանում բացահայտել: Կլայդերմանի խոսքով՝ ինքը դասական երաժիշտ չէ, միահյուսում է փոփը, ռոքը, ջազը և դասականը:
Ռիչարդ Կլայդերման - Երբ ես սկսեցի իմ երաժշտական ուղին, դեռ փոքր տարիքում, չէի կարծում, որ ես մեծ տաղանդ ունեմ, այլ ընդամենը շատ պարապելու, երկար ժամեր գործիքի առջև անցկացնելու շնորհիվ կարողացա հասնել այս ամենին: Միակ խորհուրդը, որ կցանկանամ ասել երիտասարդ կատարողներին, այն է, որ պետք է սիրել գործիքը և պարապել-պարապել ու կրկին պարապել:
Ֆրանսիացի դաշնակահարն ասում է՝ 40 տարի առաջ, երբ սկսում էր մասնագիտական գործունեությունը, մեկ նպատակ ուներ՝ լավագույնս անել աշխատանքը: Հիմա էլ ամեն անգամ բեմ բարձրանալիս ձգտում է կատարել ավելի լավ, քան նախորդը, և համարում է, որ հենց դա է իր կյանքի ամենագլխավոր մարտահրավերը:
Ռիչարդ Կլայդերման - Բազմաթիվ երկրներ այցելելը ևս համարում եմ մարտահրավեր: Հայաստանից հետո ես պետք է մեկնեմ Չիլի, Բրազիլիա, Ամերիկա ու այլ երկրներ և ամեն անգամ ես պետք է ձգտեմ կատարել ավելի լավ, անել իմ հնարավորությունների մաքսիմալը:
Նախորդ այցելության ժամանակ դաշնակահարը կատարել էր Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից մեկը, այս անգամ ծրագրում հայկական երաժշտություն չկա: Փոխարենը խոստանում է՝ հաջորդ այցին հայ երիտասարդ դաշնակահարներից մեկի հետ հետաքրքիր համերգ պատրաստել:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան