Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյա հոբելյանի կապակցությամբ և հայ երաժշտաարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամներ Քնարիկ Փիլոսյանը (երաժշտագետ), Նարինե Ավետիսյանը (երաժշտագետ), Գոհար Շագոյանը (երաժշտագետ), Գևորգ Հովհաննիսյանը (կոմպոզիտոր), Ջեննի Ասատրյանը (կոմպոզիտոր), Դավիթ Հալաջյանը (կոմպոզիտոր) և Ավետիս Բերբերյանը (կոմպոզիտոր) պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:
Հանդիսավոր արարողության ժամանակ միության երախտավորների պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նշենք, որ Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյա հոբելյանի շրջանակում իրականացվել են բազմաբովանդակ նախագծեր: Շարքը մեկնարկել է ՀԿՄ «Երիտասարդական ֆորումի» «12 հնչյուն» կրթական նախագծով, որի շրջանակում Երևանի ավելի քան մեկ տասնյակ երաժշտական ու արվեստի դպրոցներում ներկայացվել են երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործական ձեռքբերումները: Սովորողները ծանոթացել են նոր կոմպոզիցիոն տեխնոլոգիաների առանձնահատկություններին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթը, որն անցկացվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ: Հայաստանից և սփյուռքից շուրջ 15 պատանի ստեղծագործողներ Կոմպոզիտորների միությունում ներկայացրել են իրենց ստեղծագործությունները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել է միության 90-ամյակին նվիրված փառատոն. շուրջ 45 ստեղծագործություն, այդ թվում՝ սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, ներկայացվել են երաժշտասեր հանրությանը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է միության վերանորոգված համերգասրահում, իսկ ճեմասրահում բացվել է միության արխիվային նյութերի ցուցահանդեսը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Իր տեսակով բացառիկ այս փառատոնում ընդգրկվել են Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, մենակատարները, առաջին անգամ մեծամասշտաբ նախագծում մասնակցություն է ունեցել նաև մարզային նվագախումբը: 7 համերգների ընթացքում տեղի է ունեցել 25 պրեմիերա:
Հոբելյանական տարվա անբաժան իրադարձություններից էր Երևանի մետրոպոլիտենում կազմակերպված ցուցահանդեսը՝ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային արխիվի, մետրոպոլիտենի համագործակցությամբ: Այս ցուցադրության շրջանակում առաջին անգամ ներկայացվել են միության արխիվային նյութերը, բացառիկ լուսանկարներ և փաստաթղթեր: Հոբելյանական հագեցած ծրագրի ընթացքում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվել է տարվա սկզբին հայտարարված լարային նվագախմբի ստեղծագործությունների մրցույթի եզրափակիչ փուլը. ստեղծագործությունները հնչել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ:
Տարվա ընթացքում կարևորագույն միջոցառումներից էր «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի աջակցությամբ կայացած համերգային շրջագայությունը՝ Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղեր և Արցախ: Հայ կոմպոզիտորների պատվիրակությունն ավելի քան մեկ տասնյակ համերգներով հանդես է եկել սահմանապահ գյուղերում՝ նպաստելով արվեստի հասանելիությանն այդ բնակավայրերում: