2021-ի սեպտեմբերից սկսվել է Հայաստանում գրանցված կազմակերպությունների իրական շահառուների վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետը նշում է՝ ինստիտուտը նոր է, արդյունքը դեռևս գոհացուցիչ չէ:
Տաթև Մկրտչյան (ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետ) - Տեղեկատվական համակարգում առկա է ավելի քան 1000 կազմակերպության իրական շահառուի մասին տեղեկատվություն, սա Հայաստանում գործող կազմակերպությունների թվի ֆոնին չնչին տոկոս է կազմում:
Իրական շահառուի թափանցիկության ապահովման գործընթացի մեկնարկը 2018-ին էր: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և գործընկեր կառույցների առաջարկով կառավարությունը բաց կառավարման գործընկերության 4-րդ ծրագրում ներառեց հատուկ հանձնառություն ՝ ապահովել բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը: Մինչև այդ պիլոտային ծրագրով ընդգրկված էր միայն հանքարդյունաբերության ոլորտը:
Լիլյա Աֆրիկյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերության քարտուղար) - Ըստ էության, հաջողեցինք, քանի որ հանքարդյունաբերության լավ փորձը կանխորոշելու էր ոլորտի ռեֆորմի հետագա ընթացքը:
2022-ից հանքարդյունաբերությունից բացի ներառվեցին նաև ԶԼՄ-ները, առևտրային կազմակերպությունները: Գործընթացը կամբողջանա 2023-ին: Այն փողերի լվացման, հարկերից խուսափելու դեմ պայքարի կարևոր գործիք է: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրենի դիտարկմամբ` կազմակերպությունների իրական շահառուների բացահայտումը պետք է լինի նաև հանրային վերահսկողության ներքո:
Շուշան Դոյդոյան (Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ) - Եթե չլինեն բացահայտումներ լրագրողների, ակտիվ երիտասարդների կողմից, օրինակ` այսինչ ընկերության իրական տերը այսինչ կուսակցության ղեկավարն է, էսինչ քաղաքական գործիչն է, բայց` նայում ենք բոլորովին այլ մարդու տվյալներ են:
Կազմակերպություններին, որոնք սահմանված ժամկետում չեն ներկայացնում տվյալները, նախ` նախազգուշացում, ապա վարչական պատասխանատվություն է սպասվում: Ընկերությունների մասին տեղեկությունները հրապարակվում են հանրային ռեեստրում՝ e-register.am կայքում:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ ՄԻՊ) - Իրական շահառուների թափանցիկության ռեֆորմը ենթադրում է ոչ միայն օրենսդրական, իրավական բարեփոխումներ, այլև մարդկային մտածողության, ընկալումների առաջմղման ջանք, և Հայաստանում այն ամուր ձեռքերում է:
Գործընթացում ներգրավված բոլոր պատասխանատու պաշտոններում կանայք են: Նրանց մասնակցությամբ մեկնարկել է «Կանայք իրական շահառուների թափանցիկության գործընթացում» պանելային քննարկումը: Բարեփոխումն իրականացնող կանանց կարծիքով` սեփականատերերի մասին տեղեկատվության թափանցիկությունը խթանում է ավելի կանխատեսելի ներդրումային միջավայրի ստեղծմանը: